22:02 30 սեպտեմբերի, 2016Հայաստանի առաջնության համար կորտերի վարձակալություն չկա ու չի լինելու: Ֆեդերացիան տեղյակ չէ, թե ինչ վարձակալության համար են գումար հավաքել ծնողները: Դա ծնողների որոշումն է, որի հետ ֆեդերացիան կապ չունի:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց թենիսի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանը:
Երեւանի թենիսի «Արարատ» ակումբում սեպտեմբերի 29-ից մեկնարկել է թենիսի Հայաստանի առաջնությունը բոլոր տարիքային խմբերում:
Անցած տարի Հայաստանի առաջնությունն անցկացվեց Գյումրիում: Այս տարի եւս ֆեդերացիայի կողմից առաջարկվել է առաջնությունն անցկացնել Գյումրի քաղաքի կորտերում, սակայն մի խումբ ծնողներ բողոքել են, որ ֆիզիկապես եւ ֆինանսապես հնարավորություն չունեն գնալ Գյումրի եւ այնտեղ մնալ առաջնության երկու շաբաթների ընթացքում:
Ծնողների հրաժարվելուց հետո Հայաստանի թենիսի ֆեդերացիան չի առաջարկել առաջնությունն անցկացնել Երեւանի «Ին-կորտ» մարզահամալիրում, որը պատկանում է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանին:
Թենիսիստների ծնողները անձնական միջոցներով (անձը` 14 հազար դրամ) Հայաստանի առաջնությունն անցկացվելու համար վարձակալել են Երեւանի «Արարատ» ակումբի կորտերը՝ վճարելով 500 հազար դրամ: Սակայն գումարը հավաքել են այն ծնողներն, որոնք վճարելու հնարավորոթյուն են ունեցել: Մյուսներին չի պարտադրվել:
Իսկ թե ինչու է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահը հրաժարվել իր սեփական կորտերը տրամադրել առաջնության համար, ֆեդերացիան չի պատասխանում՝ նշելով, որ ՀԹՖ-ն որեւէ առնչություն չունի ծնողների ինքնակամ որոշման հետ, քանի որ ֆեդերացիան տրամադրում է անվճար կորտ՝ Գյումրու կորտերը:
Այս թեմայով NEWS.am Sport-ի թղթակիցը փորձեց զրուցել ՀԹՖ գործադիր տնօրեն Գեւորգ Կարամանուկյանի հետ: Նա հանձնարարեց հարցերին պատասխանել թենիսի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանին.
«Այս տարի առաջնությունը որոշվեց անցկացնել «Արարատ» ակումբում, քանի որ ֆեդերացիան ցանկանում է բոլոր ակումբների հետ սերտ համագործակցություն ստեղծել: Ֆեդերացիայի նպատակն է, այսկերպ հնարավորություն տալ բոլոր գործող ակումբներին հյուրընկալել եւ անցկացնել Հայաստանի առաջնությունը: Բավական երկար ժամանակ Հայաստանի առաջնությունն անցկացրել ենք «Ին-կորտում», անցյալ տարի մեզ մեծ սիրով հյուրընկալեց Գյումրին: Այս տարի ֆեդերացիան այդ հնարավորությունը տվել է «Արարատին»: Եթե բարվոք վիճակում այլ կորտեր ունենանք, կանցկացնենք այլ կորտերում: Մենք միայն ուրախ կլինենք, որ Հայաստանի բոլոր ակումբները հնարավորություն ունենան ընդունել եւ անցկացնել Հայաստանի առաջնությունները: Այնպես չէ, որ ֆեդերացիայի նախագահը Հարություն Փամբուկյանի կորտերում պետք է միշտ անցկացնենք առաջնությունը:
Այլ կորտերում էլ վարձակալություն չկա: Հայաստանի սպորտի նախարարությունն ասել է, որ ֆեդերացիան դիմի Հայաստանի գործող ակումբներին եւ այն ակումբը, որը հնարավորություն կտա իր կորտերում անցկացնել առաջնությունը, այնտեղ էլ անենք: Մեզ անձամբ սպորտի նախարարը մեկ անգամ հարցրեց, թե ինչու ենք ամեն անգամ «Ին-կորտում» անցկացնում Հայաստանի առաջնությունը: Բայց Հայաստանի առաջնության համար կորտերի վարձակալություն չկա ու չի լինելու»:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.