15:24 25 սեպտեմբերի, 2016Շախմատի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի կարծիքով, հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանին հոգեբանությունը թույլ չի տալիս նվաճել աշխարհի չեմպիոնական մրցամարտի մասնակցելու իրավունք:
«Հոգեբանությունն է խանգարում, ուրիշ ոչինչ չկա: Նա լավ է մեկնարկում հավակնորդների մրցաշարերում: Այս անգամ էլ առաջին շրջանից հետո առաջին տեղում էր, +2, կիսում էր առաջին-երկրորդ տեղերը: Մեկնարկում ոչ մի խնդիր չուներ: Սակայն հավասար կամ մի փոքր վատ դիրքը տանուլ տվեց Անանդին: Պետք է չպարտվեր: Չօգտագործեց իր հնարավորությունները Կարյակինի հետ պարտիայում:
Արոնյանը արագ որոշումներ ընդունող շախմատիստ է, անհավանական տաղանդ է: Նա բազմաթիվ մրցաշարերում է հաղթել: Բայց ի՞նչ է նշանակում դառնալ աշխարհի չեմպիոն: Պետ է հաղթել անհրաժեշտ ժամանակին, անհրաժեշտ մրցաշարում: Դուք կարող եք հարյուր մրցաշարերում հաղթել, բայց ձեզ անհրաժեշտ է հաղթել հենց հավակնորդների մրցաշարում: Դա ամենաբարդն է:
Առաջին տուրերում դու չես մտածում այդ մասին, բայց երբ մինչեւ որոշակի պահը ամեն ինչ ստացվում է, դու սկսում ես հասկանալ, որ նպատակը մոտ է: Շատ դժվար է պահպանել հանգստությունը, եւ շախմատիստն ինքը պետք է իր համար գտնի միջոց:
Արոնյանը բավական ուժեղ բնավորությամբ շախմատիստ է, բայց հավանաբար չի հերիքում հենց այդ կոշտությունը, պողպատությունը հենց այս պահին: Բայց ես կարծում եմ, որ նա դեռ շանս ունի: Մոսկվայում եւ Լոնդոնում շատ մոտ էր նպատակին:
Հայաստանում այժմ ունենք հեռանկարային շախմատիստներ, բայց դեռ չեն հասնում հավաքականի կորիզի մակարդակին: Աշխարհի եւ Եվրոպայի թիմային առաջնություններում շատ լավ էր խաղում Հրանտ Մելքումյանը: Նոր Արոնյան դեռ չունենք: Բայց հույս ունենք: Մշտապես հետեւում եմ բոլոր հեռանկարային հայ շախմատիստների պարտիաներին»,- Արշակ Պետրոսյանի խոսքը մեջբերում է chesspro.ru-ն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ աշխարհի թագի համար դիմակայությունում հանդես կգա ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.