Լեւոն Ջուլֆալակյան. Ոչ մի հաղթանակ չի լինում առանց աշխատանքի

18:14   19 սեպտեմբերի, 2016

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը բարձր է գնահատել ժողովրդի եւ երկրի ղեկավարության գնահատականը թիմի հաջողություններին՝ օլիմպիական ոսկե եւ արծաթե մեդալներին, որոնք Ռիոյի Օլիմպիական խաղերում նվաճել են Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը:

«Ցանկացած աշխատանք պետք է ստանա իր գնահատականը: Եթե քո աշխատանքը չի գնահատվում քո երկրի, կառավարության, երկրի նախագահի կողմից, ամեն ինչ կորցնում է իր ուժը: Բայց այս գնահատականների կողքին ամենակարեւորը ժողովրդինն է: Մենք միշտ տեսնում ենք, թե ինչ ուրախությամբ ու ինձ բարձր գնահատականով է մեզ ընդունում հասարակությունը, մեզ հետ հավասար ուրախանում են, շնորհավորում, լուսանկարվում: Այդ ամենը հասարակության գնահատականն է, ինչից մենք անչափ հպարտանում ենք:

Մարդ իր աշխատանքով պետք է երջանիկ լինի եւ ուրախ: Բայց երբ այդ ամենին գումարվում է երկրի ղեկավարության, նախագահի գնահատականը, ստացվում է, որ ամեն ինչ արվում է տեղին՝ քո երկրի, ժողովրդի համար:

Ես անչափ ուրախ եմ, որ իմ աշխատանքի 17 տարիների ընթացքում շատ մեդալներ, պարգեւներ եմ ստացել երկրի նախագահից, ինչից ավելի եմ ոգեւորվում, ձգտում մեծ հաջողությունների: Ոչ մի հաղթանակ չի լինում առանց աշխատանքի, իսկ այդ աշխատանքը պետք է գնահատվի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Լեւոն Ջուլֆալակյանը:

Գլխավոր մարզիչը Ռիոյի Օլիմպիական խաղերում թիմի հաջողությունների համար պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշանով:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.