Արթուր Ալեքսանյան. Ձգտելու եմ 4 տարի անց կրկնել օլիմպիական հաղթանակը

23:55   18 սեպտեմբերի, 2016

Կրծքիս շքանշանը շատ ոգեւորող է ու պարտավորեցնող: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ով Ռիոյի մեդալակիրների պարգեւատրման արարողության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով:

«Նման պարգեւներն իսկապես մեծ գնահատական են մարզիկի համար, իսկ յուրաքանչյուր մարզիկի համար իր աշխատանքի գնահատանքը շատ կարեւոր է: Ինձ համար, մասնավորաապես, շատ ոգեւորող եւ պարտավորեցնող է կրծքիս շքանշանը: Այս օլիմպիական ոսկով չեմ սահմանափակվելու, ձգտելու եմ ավելացնել աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնի մեդալները, ինչպես նաեւ 4 տարի անց կրկնել այս հաղթանակը»,- ասել է Արթուր Ալեքսանյանը:

NEWS.am Sport-ի թղթակցի հարցին, թե Երեւանում բնակարան նվեր ստանալուց հետո հնարավոր է տեղափոխվի Երեւան, Արթուր Ալեքսանյանն ասաց.

«Ապագայի հետ կապված դեռ ծրագրեր չունեմ: Ամեն ինչ հնարավոր է, բայց դեռեւս ապրում եմ Գյումրիում, իհարկե՝ Երեւանում էլ եմ շատ լինում»:

Հիշեցնենք, որ Ռիոյի հայ մեդալակիրները Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում պարգեւատրվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից:

Սերժ Սարգսյանը Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի մեդալակիներին, հավաքականների մարզիչներին, անձնական մարզիչներին պետական շքանշաններով պարգեւատրեց, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 1 միլիոն դոլա արժողությամբ բնակարաններ նվիրեց Արթուր Ալեքսանյանին եւ Միհրան Հարությունյանին եւ 30-ական միլիոն դրամ օլիմպիական փոխչեմպիոններին:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.