«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Օլդ Տրաֆորդում». Գվարդիոլայի մարտավարությունը հաղթական էր Մոուրինյոյի դեմ

17:24   10 սեպտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում տեղի ունեցած մանչեսթերյան դերբին ավարտվեց կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակով՝ 2:1: Անգլիայի առաջնության չորրորդ տուրում մրցեցին չեմպիոնական տիտղոսի հիմնական հավակնորդները:

«Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն աչքի չընկավ արդյունավետ գործողություններով ու փոխարինվեց ընդմիջմանը: 

Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց հյուրերի բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն, որն օգտվեց հոլանդացի պաշտպան Դեյլի Բլինդի սխալից, միայնակ հայտնվեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի դիմաց ու գրավեց դարպասը:

«Մանչեսթեր Սիթիի» երկրորդ գոլի դրվագում էլ մեղավորը Դեյլի Բլինդն էր, որը հետ մնաց խաղընկերներից եւ Կելեչի Իհենաչոյի հարվածի ժամանակ չգրանցվեց խաղից դուրս վիճակ՝ 2:0: Դե Բրույնեի հարվածից հետո էր գնդակն անդրադարձել ուղղահայաց դարպասաձողից եւ հայտնվել Իհենաչոյի մոտ:

Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաշվի տարբերությունը կրճատեց առաջին խաղակեսում շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի դիպուկ հարվածի շնորհիվ: Չիլիացի դարպասապահ Կլաուդիո Բրավոն անվստահ դուրս եկավ տեղից, բախվեց թիմակցին եւ չփրկեց դրությունը: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Դե Բրույնեն:

«Մանչեսթեր Սիթին» չորրորդ հաղթանակը տարավ եւ 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Գվարդիոլայի թիմին հասնելու հնարավորություն ունի միայն Լոնդոնի «Չելսին», որը առաջին երեք տուրերում հաղթանակ է տարել:

Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը չորրորդ տուրում կհյուրընկալվի «Սուոնսիին»: Այդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին:

Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:2

Զլատան Իբրահիմովիչ, 42 - Կեւին Դե Բրույնե, 15, Կելեչի Իհենաչո, 36



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.