21:49 4 սեպտեմբերի, 2016Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պարտությամբ մեկնարկեց աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարում: Առաջին տուրում հայկական թիմի մրցակիցն էր Դանիայի հավաքականը, որը Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում խփեց մեկ գոլ, բայց կարող էր հաղթել ավելի խոշոր հաշվով: Ինչպես չեխերի դեմ օրեր առաջ կայացած ընկերական խաղում, այնպես էլ այսօր Հայաստանի հավաքականը պարտվեց չափազանց չհուսադրող խաղով:
Չեխիայի դեմ հանդիպման համեմատ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը կատարել էր մի քանի փոփոխություն եւ ընտրել էր 5 պաշտպաններով սխեման, իսկ թիմի ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը չէր խաղում վնասվածքի պատճառով:
Խաղի հենց մեկնարկից դանիացիները վերցրին գնդակը եւ ունեին նկատելի առավելություն: Հայաստանի հավաքականը խաղում էր ընդգծված երկրորդ համարով, իսկ դաշտի տերերի առավելությունն աստիճանաբար մեծանում էր: Դանիացիների գրոհները քիչ չէին, եւ գնալով ավելի վտանգավոր էին դառնում: Հայկական թիմի գրոհի փորձերը շատ կարճ էին ստացվում, իսկ մրցակցի դարպասին մոտենալ չէր հաջողվում: Դանիայի հավաքականը խաղային առավելությունը գոլի վերածեց 17-րդ րոպեին, երբ գեղեցիկ կոմբինացիան եզրափակեց Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը: Գոլից հետո ոչինչ չփոխվեց: Դանիացիները շարունակում էին գրոհների շարքը ու եւս մեկ իրական պահ ունեցան 20-րդ րոպեին, երբ Արսեն Բեգլարյանը փրկեց հյուրերին: Խաղադաշտում մեկ թիմ էր, որը հնարավոր բոլոր առումներով գերազանցում էր մրցակցին: 30-րդ րոպեին Հայաստանի թիմին գոլից փրկեց ուղղահայաց դարպասաձողը: Հյուրերն առաջին հարվածը կատարեցին 37-րդ րոպեին, երբ Արաս Օզբիլիսը հարվածեց ուղիղ տանտերերի դարպասապահ Ֆրեդերիկ Ռյոննովի ուղղությամբ: 40-րդ րոպեին Օզբիլիսը փոխարինվեեց վնասվածքի պատճառով, իսկ նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Գեւորգ Ղազարյանը:
Դանիայի հավաքականի գերիշխանությունը պահպանվում էր առաջին խաղակեսում, բայց թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի ժամանակ: Առաջին խաղակեսից հետո գնդակին տիրելու տոկոսային հարաբերությունը 70-30 էր՝ հօգուտ Դանիայի թիմի:
Դանիայի հավաքականը շատ ակտիվ սկսեց նաեւ երկրորդ խաղակեսը եւ սկզբնամասում ստեղծեց 2 գոլային պահ: Առաջին դեպքում Արսեն Բեգլարյանը հետ մղեց Նիկոլայ Յորգենսենի հարվածը, իսկ Վիկտոր Ֆիշերի հարվածը շեղ ստացվեց: Ընդմիջումից հետո խաղն անցնում էր հայկական կիսադաշտում: Հայաստանի թիմի գրոհները նման էին ժայռը բռունցքներով ծեծելուն, իսկ Արսեն Բեգլարյանի դարպասի մոտ գոլային պահերի պակաս չէր զգացվում: 71-րդ րոպեին հյուրերի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, սակայն արտակարգ հանդիպում անցկացրած Արսեն Բեգլարյանը Կրիստիան Էրիկսենին թույլ չտվեց դառնալ դուբլի հեղինակ: Հայաստանի թիմի դարպասապահը հետ մղեց ինչպես Էրիկսենի հարվածը, այնպես էլ՝ վրա հասած Յուսուֆ Պոուլսենի: Քիչ անց կարող էր գրանցվել ֆուտբոլի չգրված օրենքը, սակայն հայկական թիմը չօգտագործեց այս խաղում իր միակ գոլային պահը: Դանիացիների պաշտպանության սխալի պատճառով փոխարինման դուրս եկած Մարկոս Պիզելին մեն-մենակ դուրս եկավ դաշտի տերերի դարպասապահի դեմ, բայց նրան անհաջող շրջանցեց եւ կորցրեց դարպասը գրավելու պահը: Խաղի վերջնամասը եւս անցավ դանիացիների գրոհների ներքով, իսկ դարպասի նոր գրավումներ չարձանագվեցին: Հայաստանի հավաքականն էլ խաղը փրկելու փորձերի փոխարեն շարունակում էր մեծ ուժեր կենտրոնացնել պաշտպանությունում եւ պարտությամբ սկսեց ընտրական փուլը:
ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի հոկտեմբերի 8-ին՝ Երեւանում ընդունելով ռումինացիներին: Այդ խաղից 3 օր անց հայկական թիմը կհյուրընկալվի Լեհաստանի հավաքականին:
ԱԱ-2018, ընտրական մրցաշար
E խումբ, առաջին տուր
Դանիա – Հայաստան՝ 1:0
Կրիստիան Էրիկսեն, 17
Չիրացված 11 մետրանոց՝ Կրիստիան Էրիկսեն, 72
Հայաստան. Արսեն Բեգլարյան, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Գաել Անդոնյան, Հրայր Մկոյան, Գեւորգ Հովհաննիսյան, Արտակ Եդիգարյան, Գոռ Մալաքյան (Դավիթ Մանոյան, 77), Արաս Օզբիլիս (Գեւորգ Ղազարյան, 40), Գեղամ Կադիմյան, Դավիթ Արշակյան (Մարկոս Պիզելի, 70):
Դանիա. Ֆրեդերիկ Ռյոննով («Բրոնդբյու»), Սիմոն Կյաեր («Ֆեներբահչե»), Անդրեաս Կրիստենսեն («Բորուսիա» Մյոնխենգլադբախ), Յաննիկ Վեստերգոր («Բորուսիա» Մյոնխենգլադբախ), Պետեր Անկերսեն («Կոպենհագեն»), Ուիլյամ Կվիստ («Կոպենհագեն»), Ռիզա Դուրմիսի («Բետիս»), Պյեր-Էմիլ Հյոյբերգ («Սաութհեմփթոն», Թոմաս Դելեյնի, 81), Կրիստիան Էրիկսեն («Տոտենհեմ»), Նիկոլայ Յորգենսեն («Ֆեյենորդ», Յուսուֆ Պոուլսեն, 66), Վիկտոր Ֆիշեր («Միդլսբրո»):
Դավիթ Եղիազարյան







The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.