23:31 3 սեպտեմբերի, 2016Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն եւ կիսապաշտպան Մարկոս Պիզելին դանիացիների դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում պատասխանել են դանիացի լրագրողների հարցերին։
Որքանո՞վ է մեծ Մխիթարյանի կորուստը թիմի համար (հարց Վարուժան Սուքիասյանին):
Ցանկացած թիմի համար առաջատարի եւ ավագի բացակայությունը չի կարող մեծ ազդեցություն չունենալ։
Ո՞վ կարող է այս խաղում լինել հայկական թիմի աստղը (հարց Վարուժան Սուքիասյանին):
Ֆուտբոլը թիմային խաղ է, եւ մենք ցանկացած օղակում էլ ունենք առաջատարներ։
Դուք Ձեզ համարո՞ւմ եք աստղ (հարց Մարկոս Պիզելիին):
Ոչ, չեմ համարում։ Սկսած այն պահից, ինչ ես խաղում եմ Հայաստանի ազգային հավաքականում, ես փորձում եմ անել հնարավոր ամեն ինչ եւ օգնել թիմին։ Մեր թիմի ավագը, աստղը, առաջատարը եւ դեմքը Մխիթարյանն է։ Մենք եկել ենք այստեղ թիմային խաղ խաղալու, այլ ոչ թե ինքներս մեզ ցուցադրելու համար։
Ո՞ր արդյունքը կարող է ընդունելի համարվել վաղվա խաղում (հարց Մարկոս Պիզելիին):
Որպես ֆուտբոլիստ՝ ես կարող եմ ասել, որ երբ ես մտնում եմ խաղադաշտ, ես ամեն ինչ անում եմ հաղթելու համար՝ անկախ ստեղծված իրավիճակից, կամ այն հանգամանքից՝ խաղում ենք տանը, թե՝ դրսում։ Միեւնույն ժամանակ, առաջին հանդիպումն անցկացնելով Դանիայի հավաքականի դեմ, շատ կարեւոր է չպարտվել։ Եթե մենք կարողանանք վաստակել 3 կամ 1 միավոր, գերազանց կլինի։
Ճանաչո՞ւմ եք որեւէ մեկին Դանիայի հավաքականից (հարց Մարկոս Պիզելիին):
Նրանցից շատերը խաղում են Եվրոպայում, իսկ ամենահայտնին Էրիկսենն է: Բացի այդ, մենք բազմիցս խաղացել ենք դանիացիների դեմ վերջին տարիներին, եւ նրանց լավ ենք ճանաչում, փոխանցում է ՀՖՖ կայքը:
Հիշեցնենք, որ Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում սեպտեմբերի 4-ին կայանալիք Դանիա - Հայաստան խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 20:00-ին: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի օգնելու Հայաստանի հավաքականին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.