Փաշիկ Ալավերդյան. Մեկ օլիմպիական ուղեգիր ավելի ունենալու դեպքում էլ Աղասի Աղասյանին չէինք տանելու Ռիո

14:30   2 սեպտեմբերի, 2016

Եթե նույնիսկ եւս մեկ օլիմպիական ուղեգիր լիներ, միեւնույն է, Աղասի Աղասյանին չէինք տանելու Օլիմպիական խաղերին: Այլեւս չեմ ցանկանում մեկնաբանել Աղասի Աղասյանի՝ Օլիմպիական խաղեր չմեկնելու հարցը: Նա չէր կարող ընդգրկվել օլիմպիական թիմում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը՝ ամփոփելով Ռիո-2016 Օլիմպիական խաղերում հայ ծանրորդների մասնակցությունը:

5 ուղեգրով եւ մեկ պահեստայինով Օլիմպիական խաղերին մեկնած ծանրամարտի Հայաստանի թիմը Ռիո-2016-ում նվաճեց երկու արծաթե մեդալ: Օլիմպիական փոխչեմպիոն հռչավեցին 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը եւ գերծանր քաշային Գոռ Մինասյանը:

«Հավաքականը դեռ մի քանի ամիս առաջ արդեն ձեւավորվում էր: Արդեն ամիսներ առաջ գիտեինք, թե ովքեր էին ներկայացնելու Հայաստանը Ռիո-2016-ում: Տղաների ոգեւորությունը մրցման ժամանակ շատ լավ էր: Մեզ միայն խանգարեց Անդրանիկ Կարապետյանի արմունկի վնասվածքը: Ես մտավախություն ունեի, որ Անդրանիկի վնասվածքը գուցե հոգեբանորեն կազդի մարզիկների վրա՝ տեսնելով, որ հենց մեկնարկում իրենց ընկերը վնասվածք է ստանում:

Ես շատ գոհ եմ մեր մարզիկների արդյունքներից: Մենք ունենք երկու օլիմպիական փոխչեմպիոն: Մեր կազմը շատ լավն էր, ցավոք, թիմում չընդգրկվեց Տիգրան Մարտիրոսյանը, եւ եթե նա էլ լիներ, բոլորն էլ օլիմպիական մեդալների հավակնորդներ էին»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Անդրադառնալով Հայաստանի հավաքականի 85 կգ քաշային կարգի ներկայացուցիչ Աղասի Աղասյանի հայտարարությանը, որ Առաքել Միրզոյանի տեղն ինքը պետք է հանդես գար Ռիո-2016-ում, հավաքականի գլխավոր մարզիչն ասաց.

«Ես Աղասի Աղասյանին վերաբերող հարցերին այլեւս չեմ ցանկանում պատասխանել ու պարզաբանել: Եթե նույնիսկ թիմում մեկ ավելի տեղ լիներ, այդ տեղում Աղասի Աղասյանը չէր լինելու: Նա չէր ընդգրկվելու օլիմպիական հավաքականում:

Նա հայտարարում է, որ Հայաստանի առաջնությունում ինքը գերազանցել է Առաքել Միրզոյանին: Մարզիկը կարող է նույնիսկ 20-30 կգ-ով հաղթել Հայաստանի առաջնություններում, բայց դա միջազգային չափանիշներին չհամապատասխանի: 9 ամիս առաջ, երբ Առաքելը երկրորդ անգամ վիրահատվեց, ամեն ամիս սկսեց ավելացնել քաշերը: Մարտին նա մասնակցեց Ռուսաստանի նախագահի գավաթի խաղարկությանը, ապա Իրանի մրցաշարին՝ ավելացնելով նախորդ արդյունքը 10 կգ-ով, ապա մասնակցեց Եվրոպայի առաջնությանը եւ կրկին ավելացրեց կիլոգրամները: Սա խոսում է այն մասին, որ մարզիկը աճ է գրանցում դեպի Օլիմպիական խաղեր:

Աղասի Աղասյանը պատահական մարզիկ չէ, նա նույնիսկ ուսանողական խաղերից սկսած միշտ բարձր արդյունքներ է գրանցել, շատ մեդալներ ունի: Ես չկարողացա մինչեւ Օլիմպիական խաղերն ավելացնել նրա կիլոգրամները:

Այդ տղայի մոտ ես չեմ կարողանում ավելացնել կիլոգրամները: Ես նրան ասացի՝ գնա, որտեղ ցանկանում ես մարզվի, կիլոգրամներդ ավելացրու եւ արի օլիմպիական թիմ: Երբ արդեն մնացել էր մեկ ամիս, նա իր կիլոգրամները ոչ թե ավելացրեց, այլ՝ 10 կգ էլ պակասեցրեց: Նա չէր կարող լինել օլիմպիական թիմի կազմում: Իսկ Առաքել Միրզոյանը ամիս-ամիս, օր-օրի իր կիլոգրամները բարձրացնում էր եւ ես մեծ ակնկալիքներ ունեի նրանից: Ցավոք, ոտքի վնասվածքը խանգարեց եւ նա զրո ստացավ»,- մանրամասնեց Փաշիկ Ալավերդյանը:

NEWS.am Sport-ի հարցին, թե պահեստային Վանիկ Ավետիսյանը ինչո՞ւ նախքան ծանրորդների մեկնարկը Օլիմպիական խաղերում զրկվեց պահեստայինի կարգավիճակից, հավաքականի գլխավոր մարզիչը պատճառաբանեց, որ Ավետիսյանի մասնակցությունն այլեւս պետք չեկավ:

«Մենք նրան տարել էինք որպես պահեստային: Մենք որոշել էինք, որ եթե Առաքելը վնասվածք ստանա, խնդիր առաջանար, Վանիկ Ավետիսյանը կփոխարինի նրան: Բայց Ռիոյում մարզումների ժամանակ հասկացանք, որ ոչ մի խնդիր էլ չի ունենալու Առաքելը, եւ Վանիկ Ավետիսյանին հանեցինք: Նա այլեւս որպես պահեստային պետք չեկավ: Բայց, ցավոք, Առաքելը զրո ստացավ ոտքի վնասվածքի պատճառով»,- հավելեց Փաշիկ Ալավերդյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչը պարզաբանեց նաեւ, թե ինչու Անդրանիկ Կարապետյանը հրում վարժության առաջին մոտեցումը սկսեց բարձր կիլոգրամներից:

«Ես Եվրոպայում մարզչական եւ տեխնիական կազմի 8 անդամներից մեկն եմ: Մենք շրջում ենք Եվրոպայով եւ սովորեցնում, թե ինչպես, քանի կիլոգրամներով պետք է մարզիկներին մտցնել պայքարի մեջ: Արտահայտել չիմացածը սխալ է: Այստեղ սխալ մեկնաբանություններ հնչեցին, թե ինչու միանգամից գնացինք բարձր կիլոգրամի: Անդրանիկ Կարապետյանի պոկում վարժության 174 կգ-ից հետո պարզվեց, որ գրանցել է Եվրոպայի ռեկորդ:

Որոշվեց,  որ Անդրանիկը պետք է հրում վարժությունը սկսի 195 կգ-ից: Նա մարզումների ժամանակ բարձրացրել էր 200 եւ ավելի կիլոգրամներ: Եթե Անդրանիկին ես ուղարկեի 190 կգ-ի, դա կնշանակեր, որ մենք հարաժարվում էինք մեդալներից: Առաջին իսկ մոտեցումով որոշեցինք նախ ապահովել մեր մեդալը, հետո նոր որոշել մեդալի գույնը: Ցածր կիլոգրամներով մենք կորցնելու էինք մեդալ նվաճելու հնարավորությունը, բայց ես ոչ մի անգամ չէի սպասում, որ նա կարող էր վնասվածք ստանալ: Ցավում եմ, որ կորցրեցինք մեդալը: Անդրանիկն ուժեղ մարզիկ է, եւ նա դեռ իր խոսքը կասի մեծ սպորտում:

Ես շնորհակալություն եմ հայտնում հավաքականի նախորդ մարզիչներին՝ Պողոս Պողոսյանին ու մյուսներին, որ այսպիսի մարզիկներ են ինձ ընծայել: Այս հաջողությունները մեկ տարվա աշխատանք չէր ու միայն իմ աշխատանքը չէր»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:

Փաշիկ Ալավերդյանը նաեւ անդրադարձավ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ Տիգրան Մարտիրոսյանին դոպինգի համար Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալից զրկելու մասին որոշմանը:

«Դոպինգ սկանդալները միայն մեր երկրին չեն վերաբերում: Այո, ցավոք ունենք դոպինգ: Դա 8 տարվա արդյունք է: Ես ոչնչով չեմ ցանկանում արդարացնել ոչ մարզիկներին, ոչ մարզիչներին: 2008 թվականին, երբ մարզիկները մտնում էին օլիմպիական ավան, անմիջապես տալիս էինք դոպինգ ստուգում: Դրանք պահվում էին: Այն ժամանակ, ինչ օգտագործել էին մեր մարզիկները, անխտիր բոլոր մասնակիցներն օգտագործում էին: Բանն այն է, որ այն ժամանակ չափաքանակը չէին կարողանում որոշել: Մարդիկ գնացել էին մրցումների մաքուր անալիզներով: Ես չեմ արդարացնում մեր մարզիկների օգտագործածն ու ստուգվածը: Սակայն այն ժամանակ բոլորն էլ օգտագործել են խթանիչներ եւ Օլիմպիական խաղերին մասնակից բոլոր ծանրորդներն էլ եղել են մի հարթության վրա:

Ես քննադատում եմ Միջազգային Օլիմպիական կոմիտեի այս գործընթացը՝ դոպինգ ստուգումները 8 տարի անց: Եթե նրանք փորձում են ինչ-որ մեդալներ հետ վերադարձնել, ինչ-որ մեկին փոխանցել, պարտավոր են բոլորին ստուգել, անխտիր բոլորին: Ինչ է նշանակում երրորդ տեղի մեդալը վերցնել եւ տալ չորրորդ տեղին: Իսկ նրանք ստուգե՞լ են չորրորդ տեղի ծանրորդին: Ես սա համարում եմ որոշակի միտումնավորություն որոշ երկրների հանդեպ: Թող նույնիսկ զրո ստացածների անալիզները ստուգեին»,- եզրափակեց մարզիչը:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.