Փաշիկ Ալավերդյան. Հայաստանի ծանրամարտի պատմության մեջ նման դեպք երբեք չի եղել

20:55   1 սեպտեմբերի, 2016

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դեռ պաշտոնական հաղորդագրություն չի ստացել այն մասին, որ Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը պարտավոր է վերադարձնել օլիմպիական մեդալը դոպինգի պատճառով: Մեդալը վերադարձնելու հարցը եւ որակազրկումը վերջնական պարզ կլինի միայն սեպտեմբերի վերջին, երբ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կկայացնի իր որոշումը: Այժմ միայն գիտենք, որ Տիգրան Մարտիրոսյանը կզրկվի բրոնզե մեդալից, ինչը շատ վատ է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը՝ մեկնաբանելով Տիգրան Մարտիրոսյանի օլիմպիական մեդալը վերադարձնելու մասին տեղեկությունը:

Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը որակազրկվել է դոպինգի պատճառով եւ պետք է վերադարձնի մեդալը: Այս  մասին հայտնել էր Օլիմպիական խաղերի կայքը, որտեղ նշվում է, որ ՀԱՕԿ-ը պետք է վերադարձնի գյումրեցի ծանրորդի մեդալը:

Հավաքականի գլխավոր մարզիչը պարզաբանում է, որ Տիգրան Մարտիրոսյանի մեդալը վերադարձնելու տեղեկությունը ճիշտ է, բայց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դեռ որեւէ պաշտոնական հաղորդագրություն չի ստացել այդ մասին:

«Մեդալը պետք է վերադարձնենք, բայց ես այդ մասին նամակ չեմ ստացել: Այսինքն՝ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դեռ չի տեղեկացվել այն մասին, որ Տիգրան Մարտիրոսյանը պետք է հետ վերադարձնի Պեկին-2008-ի բրոնզե մեդալը: Ես տեղյակ եմ, որ ՀԱՕԿ-ն է ստացել մեդալը վերադարձնելու մասին տեղեկությունը:

Սա շատ վատ է, որ մեր ուժեղագույն մարզիկներից մեկը վերադարձնի իր մեդալը: Դեռ պետք է որոշվի, թե ինչ է սպասվում մեր մարզիկին, կորակազրկե՞ն մի քանի տարով, թե՝ ոչ: Այդ որոշումը պետք է կայացնի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան, ինչն էլ պարզ կլինի սեպտեմբերի վերջին: ՀԱՕԿ-ին կտեղեկացվի միայն այդ ժամանակ, թե ինչ է սպասվում Տիգրանին:

Հայաստանի ծանրամարտի պատմության մեջ նման դեպք երբեք չի եղել: Սա գուցե լավ չազդի Տիգրան Մարտիրոսյանի կարիերայի վրա: Գուցե սրանով նա ավարտի մարզական կարիերան. արդեն 30-ին մոտ տղա է: Բայց կարծում եմ՝ պետք է որ այս միջադեպով Տիգրան Մարտիրոսյանը չավարտի կարիերան: Ամեն ինչ կախված կլինի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշումից: Կարող է 4- 5 տարով որակազրկեն: Ես չգիտեմ՝ ինչ կորոշեն: Մեր հետագա անելիքները կիմանանք միջազգային ֆեդերացիայի վերջնական որոշումից հետո»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ գյումրեցի ծանրորդի դոպինգ թեստի վերստուգման արդյունքում հայտնաբերվել է ստանոզոլոլ ու եւս մեկ արգելված խթանիչ: Դոպինգի պատճառով Մարտիրոսյանը բաց թողեց նաեւ Ռիո դե Ժանեյրոյում անցկացված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։