Ռիո-2016. Լեւան Բերիանիձեն չկարողացավ մեդալ նվաճել Հայաստանի համար

01:18   21 օգոստոսի, 2016

Ռիոյի Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Լեւան Բերիանիձեն 125 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցեց Բելառուսի ըմբիշ Իբրահիմ Սաիդովի հետ եւ պարտություն կրեց:

Առաջին մրցափուլում Բերիանիձեն հաղթեց 1:0 հաշվով: Երկրորդ մրցափուլում Սաիդովը երկու միավորի հնարք կատարեց: Դրանից հետո Բերիանիձեն ակտիվ էր, սակայն փոխել դրությունը չհասցրեց: Մեկ միավոր վաստակեց, սակայն մրցակցի հնարքը ավելի բարձր միավորի էր եւ 2:2 հաշվի դեպքում, հաղթանակը շնորհվեց Սաիդովին:

Կիսաեզրափակիչում Բերիանիձեն գոտեմարտել էր աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Տահա Ակգուլի հետ եւ պարտություն կրել: Առաջին մրցափուլում Բերիանիձեն պարտվեց 1:6 հաշվով: Երկրորդ մրցափուլում Ակգուլը վաստակեց եւս 2 միավոր եւ հաղթանակ տարավ՝ դուրս գալով եզրափակիչ:

Քառորդ եզրափակիչում Բերիանիձեն մրցել էր 27-ամյա հունգարացի Դանիել Լիգետիի հետ: Առաջին մրցափուլում առաջին միավորը վաստակեց Լիգետին: 25-ամյա Բերիանիձեն մինչեւ ընդմիջում հավասարեցնել հաշիվը չկարողացավ՝ 1:0:

Երկրորդ մրցափուլում առաջինը պասիվություն տվեցին Լագետիին, Բերիանիձեն վաստակեց մեկ միավոր, դրանից հետո էլ 2 միավոր վաստակեց եւ հաղթեց 3:1 հաշվով:

1/8 եզրափակիչում  Բերիանիձեն գոտեմարտել էր չինացի Չժիվեյ Դենգի հետ: Առաջին մրցափուլում 2:0 հաշվով հաղթեց Դենգը: Երկրորդ մրցափուլի առաջին կեսում Բերիանիձեն վերադարձրեց մեկ միավորը, երկրորդ մասում պասիվության համար չինացին հայտնվեց պաշտպանվողի դիրքում, Բերիանիձեն վաստակեց եւս մեկ միավոր եւ հաղթանակ տարավ:

Լեւան Բերիանիձե

Ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 10-ին Աբխազիայում։

Մինչեւ 2015 թվականը Վրաստանի հավաքականի, 2015-ից Հայաստանի հավաքականի անդամ է։  2010 թ․ երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր է, 2015 թ․ աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը, միջազգային մրցաշարերի հաղթող է։ Ռիո-2016-ի ուղեգիրը նվաճել էր 2015 թ․ աշխարհի առաջնությունում։  



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։