18:18 20 օգոստոսի, 2016Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը մեկնաբանել է խայտառակ մրցավարության հետեւանքով եզրափակիչում հաղթանակ չստանալը եւ պատմել է հետագա անելիքների մասին:
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչը կողմնակալ մրցավարության հետեւանքով զրկվեց հաղթանակից սերբ Դավոր Ստեֆանեկի հետ եզրափակիչ գոտեմարտում (1:1 հաշիվ, վերջին միավորը ստացել էր Ստեֆանեկը):
«Ոչ թե ինձ, այլ մեզ կողոպտեցին՝ իմ երկրին, իմ ժողովրդին, բոլոր այն մարդկանց, ովքեր սիրում են սպորտը: Իմ ընկերների երեխաները հարցնում են՝ ինչու զբաղվել սպորտով, եթե այսպես են վերաբերվում մեծ սպորտում: Իմ երեխաներին հորդորում եմ սպորտով զբաղվել, պրոֆեսիոնալ մարզիկ դառնալ, որպեսզի հետո էլ նրանց ճակատագիրը կոտրե՞ն:
Հիմա ես մեծ ցավ եմ ապրում: Ինձ փրկում է միայն այն միտքը, որ իմ ժողովուրդն ինձ հետ է: Ինձ գրում ու քաջալերում են աշխարհի չորս կողմերից: Գոտեմարտից ու պատվո հարթակին կանգնելուց հետո միանշանակ զգում էի, որ այլեւս չեմ ցանկանում որեւէ կապ ունենալ սպորտի հետ: Չեմ ցականում այլեւս տեսնել 55-ամյա հորս արցունքները, մորս, եղբորս, քույրերիս ապրումները:
Հիմա պետք է հանգստանամ, ձեռքիս վնասվածքը բուժեմ, որոշ ժամանակ անց վերջնական կհասկանամ, թե ինչ պետք է անեմ հետո: Եթե սպորտով այլեւս չզբաղվեմ, կգտնեմ ինձ համար ինչ-որ մի բան»,- ասել է Միհրան Հարությունյանը Հանրային հեռուստատեսության եթերում:
Հիշեցնենք, որ հանրագիր-պահանջների միջազգային change.org կայքում բացվել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ), Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային եւ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին հասցեագրված հանրագիր Միհրան Հարությունյանի նկատմամբ արդարությունը վերականգնելու պահանջով, որին կարելի է միանալ հետեւյալ հղումով change.org
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.