Սամվել Գեւորգյանը՝ Ռիոյից. Պարզից էլ պարզ է՝ ինչ-որ մեկը չի ցանկանում, որ Միհրան Հարությունյանը դառնա չեմպիոն

18:38   18 օգոստոսի, 2016

Պարզից էլ պարզ է՝ Միհրան Հարությունյանի հետեւից ինչ-որ մեկն ընկել է, ինչ-որ մեկը չի ցանկանում, որ Միհրանը դառնա չեմպիոն, նվաճի ամենաբարձր տիտղոսները։ Ու այդ ինչ-որ մեկը կարողացավ այնպես անել, որ Միհրանը չդառնա Օլիմպիական չեմպիոն։ Պետք է վերջ տալ այս խարդախություններին, մարզիկները հիասթափվում ու հեռանում են սպորտից։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի անձնական մարզիչը Հայաստանում, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի եզրափակիչում Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը կողմնակալ մրցավարության պատճառով պարտվեց սերբ Դավոր Շտեֆանեկին։

Պարոն Գեւորգյան, NEWS.am Sport-ը շնորհավորում է Ձեր սան՝ Միհրան Հարությունյանի օլիմպիական փայլուն մրցելույթների համար։ Սակայն արդեն երրորդ անգամ Միհրան Հարությունյանը դառնում է մրցավարական անարդարության զոհ։ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում մրցավարական կողմնապահությունից հայ մարզիկներին պաշտպանելու համար։

Արդեն երրորդ անգամ Միհրան Հարությունյանը անարդար մրցավարության պատճառով կորցնում է իր տիտղոսները, նրա ձեռքից խլում են հաղթանակը։ Այս ամենն արդեն անցնում է բոլոր սահմանները եւ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի հայ մարզիկներն այլեւս մրցավարական կողմնապահությունների զոհ չդառնան։ Միհրան Հարությունյանը մեծ առավելությամբ հաղթում էր սերբ ըմբիշին, կարծում եմ բոլորն էլ ականատես եղան, որ առավելությունը Միհրանինն էր, բայց մրցավարը տվեց անտեղի պասիվության զգուշացումներ եւ ուղղակի 1 միավոր նվիրեցին սերբ ըմբիշին, բառացիորեն խլեցին Միհրանի ձեռքից օլիմպիական ոսկե մեդալը։

Գոտեմարտի ընթացքում ես երկու անգամ բողոքարկեցի, այլեւս չէի կարողանում տանել այդ անարդարությունը, սակայն երկու բողոքարկումն էլ չընդունվեց։ Ինձ ցույց տվեցին երկու դեղին քարտ, մեկ անգամ էլ դեղին քարտով զգուշացրին Միհրանին։ Մենք նույնիսկ մի քանի անգամ փորձեցինք կանգնեցնել մրցամարտը, որպեսզի բոյկոտենք, բայց չկարողացանք։ Ամեն ինչ արեցինք, բայց անարդարությունը հաղթեց։ Բոլորն էլ տեսնում են, թե ինչ է կատարվում այստեղ՝ Օլիմպիական խաղերում։

Պարոն Գեւորգյան, ասում են՝ Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին ժամանակին ասել է, որ Միհրանը երբեք օլիմպիական չեմպիոն, աշխարհի չեմպիոն չի դառնա, ինքը թույլ չի տա։ Որքանո՞վ են այս լուրերը համապատասխանում իրականությանը։

Անկեղծ ասած՝ ես չգիտեմ։ Բայց  արդեն պարզից էլ պարզ է՝  Միհրան Հարությունյանի հետեւից ինչ-որ մեկն ընկել է, ինչ-որ մեկը չի ցանկանում, որ Միհրանը դառնա չեմպիոն, նվաճի ամենաբարձր տիտղոսները եւ ինչ-որ մեկն կարողացավ այնպես անել, որ Միհրանը չդառնա Օլիմպիական չեմպիոն։ Եվրոպական խաղերում, աշխարհի առաջնությունում եւ հիմա արդեն Ռի-2016-ում գորգի մրցավարը նույնն էր եւ այս երեք դեպքերում էլ Միհրանից բառացիորեն խլեցին հաղթանակը՝ նվիրելով մրցակիցներին։ Ես չգիտեմ՝ կոնկրետ ով է ընկած մեր հետեւից, բայց տպավորությունն այնպիսին է, որ յուրաքանչյուր խոշոր մրցաշարում մեզ ասես՝ հետապնդեն ու անընդհատ Միհրանի մեդալները գողանան։

Եվրոպական խաղերի ոսկե մեդալը Միհրանից խլելը վերագրեցինք քաղաքականությանը, թե Բաքվում մեզ չէին տա ոսկե մեդալ եւ ինչ-որ կերպ համակերպվեցինք արծաթե մեդալի հետ։ Աշխարհի առաջնությունում խլեցին բրոնզե մեդալը, բայց այդ ժամանակ էլ դեռ չէինք գիտակցում, որ սա շղթայական կապ ունեցող անարդարությունների շարք է՝ ուղղված Միհրան Հարությունյանի դեմ։ Եվ հիմա նույնը կատարվեց նաեւ Ռիոյում։ Պետք է ամեն ինչ արվի, որ վերջ դրվի այս անարդարություններին։

Մի քանի վարկածներ ունենք, թե ինչու Միհրանից խլեցին ոսկե մեդալը։ Մենք մտածում ենք, որ սա մի խումբ մրցավարների ձեռքի գործն է, ավելի կոնկրետ՝ մրցագորգի ու կողային մրցավարներինը, ովքեր արջի ծառայություն մատուցեցին Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Լալովիչին։ Նա ազգությամբ սերբ է, իսկ Սերբիան մինչ օրս օլիմպիական ոսկե մեդալ չէր ունեցել ըմբշամարտում։ Մրցավարները այսպես փորձեցին հաճոյանալ Լալովիչին եւ ոսկին նվիրեցին սերբ ըմբիշին։

Միեւնույն է՝ Միհրանը չեմպիոն է, նա է իրական օլիմպիական չեմպիոնը։ Մեզ այստեղ բոլորը՝ կորեացիները, ադրբեջանցիները, թուրքերը,, բոլոր ազգերի ներկայացուցիչները մոտենում եւ ասում են, որ չեմպիոնը Միհրանն է։ Մեր մարզիկին այստեղ բոլորը ընդունում են չեմպիոնի նման, իսկ սերբ ըմբիշին նույնիսկ չեն էլ նկատում։

Ես կուզեի կոչ անել ամբողջ հայությանը, որ ազգովի հավաքվենք եւ Միհրան Հարությունյանի ճանաչենք անկախ Հայաստանի երրորդ օլիմպիական չեմպիոն։

Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու, դիմելո՞ւ եք միջազգային կառույցներին, բողոքարկելո՞ւ եք։

Սա արդեն ֆեդերացիայի աշխատանքն է, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն գիտի՝ ինչ պետք է արվի։ Այստեղ են բոլոր ղեկավարները, կարծում եմ` կքննարկվի, կորոշվի։ Իմ կարծիքով՝ այսպես չպետք է թողնել եւ քայլեր ձեռնարկելու ժամանակն է։ Սա շատ լուրջ հարված է մարզիկներին, մեծ սպորտին, որ հնարավոր է լինում խարդախությունների միջոցով ուժեղագույն մարզիկի ձեռքից խլել օլիմպիական ոսկին, օլիմպիական չեմպիոնի տիտղոսը։ Յուրաքանչյուր մարզիկի համար էլ սա մեծ հարված է, մեծ հիասթափություն, չեն ուզում այլեւս մարզադահլիճ վերադառնալ, չեն ցանկանում մարզվել։

Միհրան Հարությունյանն ի՞նչ հոգեվիճակում է։ Նա հայտարարեց, որ ցանկանում է դուրս գալ սպորտից։ Ճի՞շտ է։

Միհրան Հարությունյանը շատ հիասթափված է, բայց կարծում եմ՝ մարզական կարիերան ավարտելու մասին իր հայտարարությունն արել է պահի ազդեցության տակ, շատ զայրացած է եղել այդ պահին։ Դեռեւս նրա հետ ոչ ոք այս պահին չի փորձում ապագա ծրագրերից խոսել։ Մենք նրան հանգիստ ենք տվել, թող որոշ ժամանակ անցնի, հանգստանա, հետո նոր միասին կզրուցենք, կհասկանանք, թե ինչ է անելու հետագայում։ Ես նրան խորհուրդ կտամ չավարտի մարզական կարիերան։ Ինչո՞ւ դադար տա, ինչո՞ւ հեռանա մեծ սպորտից։ Չեք պատկերացնում մինչ օրս ինչ է այստեղ կատարվում, ինչ դժվար է համակերպվել այս ամենի հետ, այն մտքի հետ, որ Միհրան Հարությունյանի ձեռքից խլեցին իր երազանքը։

Լուսինե Շահբազյան



© 2020 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։