22:20 17 օգոստոսի, 2016Ինչպես եւ կանխատեսում էի եւ խոստացել էի, Արթուր Ալեքսանյանը օլիմպիական չեմպիոն է: Անչափ երջանիկ եմ, որ Հայաստանը վերջապես երկար տարիների դադարից հետո ունեցավ օլիմպիական չեմպիոն:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն, հունառոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը:
Հիշենենք, որ օգոստոսի 17-ին, հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի եռակի, աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Ռիո-2016-ում նվաճեց օլիմպիական ոսկե մեդալը՝ դառնալով անկախ Հայաստանի երկրորդ, Հայաստանի 14-րդ օլիմպիական չեմպիոնը: Անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոնը հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանն է:
Դեռ 2015 թվականի սեպտեմբերի 8-ին NEWS.am Sport-ին տված հարցազրույցում Արմեն Նազարյանը կանխատեսել էր, որ Արթուր Ալեքսանյանն անկասկած դառնալու է օլիմպիական չեմպիոն:
«Ինչպես եւ ես կանխատեսում էի եւ խոստացել էի, Արթուր Ալեքսանյանը օլիմպիական չեմպիոն է: Շնորհավորում եմ Հայաստանին եւ բոլոր հայերին՝ օլիմպիական չեմպիոն ունենալու, օլիմպիական մեդալներ նվաճելու կապակցությամբ:
Այս Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական թիմը կարողացավ նվաճել նաեւ արծաթե մեդալներ ծանրամարտում, ինչի համար անչափ ուրախ եմ: Օլիմպիական մեդալներն իսկապես բարձրագույն նվաճումներ են, եւ ես կուզեմ, որ այս նույն ոգով մյուս մարզաձեւերի հայ մարզիկները շարունակեն իրենց պայքարը եւ ուրախացնեն մեր ժողովդրին:
20 տարի անց վերջապես սառույցը կոտրվեց եւ կատարվեց իմ կանխատեսումները, որ մենք դեռ ունենալու ենք օլիմպիական չեմպիոն ու մեր մարզիկները սկսելու են այսուհետ կանգնել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին:
Ես արդեն վերադառնում եմ Բուլղարիա, բայց երջանիկ եմ, շատ ուրախ եմ ու հպարտ, որ հայ եմ, եւ մենք ուժեղ ենք: Թող այս օլիմպիական ոսկին վերջինը չլինի»,- ասաց Արմեն Նազարյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.