Ռիո-2016. Արթուր Ալեքսանյանը եւս կիսաեզրափակիչում է

18:44   16 օգոստոսի, 2016

Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նվաճեց Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշայինների պայքարի կիսաեզրափակիչի ուղեգիր:

Երկրորդ գոտեմարտում գյումրեցի ըմբիշը ժամանակից շուտ առաջին մրցափուլում 8:0 հաշվով առավելության հասավ ռումինացի Ալին Ցիուրարուի նկատմամբ: Գոտեմարտը տեւեց 2 րոպե 11 վայրկյան: Կիսաեզրափակիչում Արթուր Ալեքսանյանը կհանդիպի թուրք Չենկ Իլդեմին, որը պայքարից դուրս թողեց Ռուսաստանը ներկայացնող Իսլամ Մագոմեդովին:

1/8 եզրափակիչում Ալեքսանյանը 5:2 հաշվով հաղթել էր իտալացի 30-ամյա Դաիգորո Տիմոնչինիին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի նախորդ առաջնության եզրափակիչում Արթուր Ալեքսանյանին հաղթած ռուս Նիկիտա Մելնիկովը չի մասնակցում Ռիո-2016-ին, իսկ 98 կգ քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնում էր Իսլամ Մագոմեդովը, որը լքեց պայքարը: Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի չեմպիոն, իրանցի Ղասեմ Ռեզային մյուս ենթախմբում է:

Օգոստոսի 16-ին պայքարի մեջ է մտել նաեւ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, որը մեկնարկային գոտեմարտում 1 րոպե 25 վայրկյանում 9:0 հաշվով հաղթել էր եգիպտացի Ահմեդ Կահկին, իսկ քառորդ եզրափակիչում 2:1 հաշվով ուժեղ էր գտնվել հարավկորեացի Հանսու Ռյուից՝ դուրս գալով կիսաեզրափակիչ: Եզրափակիչի ուղեգրի համար Միհրան Հարությունյանը կպայքարի ադրբեջանցի Ռասուլ Չունաեւի հետ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես են եկել նաեւ Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), որոնք պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.