Ռիո-2016. Միհրան Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ կհանդիպի ադրբեջանցի Չունաեւին

18:38   16 օգոստոսի, 2016

Միհրան Հարությունյանը դուրս եկավ Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչ:

Երկրորդ գոտեմարտում Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը 2:1 հաշվով հաղթեց աշխարհի 2013թ. չեմպիոն, հարավկորեացի Հանսու Ռյուին, որը նախորդ փուլում պայքարից դուրս էր թողել Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Տամաշ Լորինցին:

Առաջին մրցափուլում կորեացուն ծնկած դիրք նստեցրին պասիվության համար, իսկ Միհրանը գլորում կատարեց եւ վաստակեց 2 միավոր: Առաջին մրցափուլի վերջնամասում արդեն հայ ըմբիշը հայտնվեց պարտերում, սակայն շանս չտվեց մրցակցին եւ ընդմիջման գնաց 2 միավորի առավելությունը:   

Երկրորդ մրցափուլում կորեացին շատ ակտիվ էր, բայց Միհրանը չէր նահանջում: Քիչ անց Հարությունյանի պասիվության համար մեկ միավոր ստացավ Ռյուն, որին ավելին անել չհաջողվեց, թեեւ հայ ըմբիշը դարձյալ հայտնվել էր պարտերում:

Կիսաեզրափակիչում Միհրան Հարությունյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Ռասուլ Չունաեւը:

Հիշեցնենք, որ հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 1 րոպե 25 վայրկյանում 9:0 հաշվով հաղթելով եգիպտացի Ահմեդ Կահկին:

Օգոստոսի 16-ին պայքարի մեջ է մտնել նաեւ աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ), որը 1/8 եզրափակիչում 5:2 հաշվով հաղթել էր իտալացի Դաիգորո Տիմոնչինիին:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես են եկել նաեւ Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), որոնք պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.