Ռիո-2016. Արթուր Ալեքսանյանի մեկնարկը հաղթական էր, բայց ոչ տպավորիչ

17:45   16 օգոստոսի, 2016

Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշայինների պայքարում:

1/8 եզրափակիչում գյումրեցի ըմբիշը 5:2 հաշվով հաղթեց իտալացի 30-ամյա Դաիգորո Տիմոնչինիին: 

Արթուրը պասիվ սկսեց գոտեմարտը, թեեւ առաջին մրցափուլում իտալացուն պարտեր նստեցրին պասիվության համար: Սակայն Ալեքսանյանը չկարողացավ միավոր վաստակել: Առաջին մրցափուլի վերջում նաեւ հայ ըմբիշը հայտնվեց պարտերում, բայց կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ մրցափուլում Ալեքսանյանն ավելի ակտիվ էր եւ սկզբում վաստակեց 2 միավոր: Վերջնամասում Եվրոպայի եռակի չեմպիոնը վաստակեց եւս 3 միավոր, իսկ քիչ անց 2 միավոր տվեց մրցակցին:

Քառորդ եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը կհանդիպի ռումինացի Ալին Ցիուրարուի հետ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի նախորդ առաջնության եզրափակիչում Արթուր Ալեքսանյանին հաղթած ռուս Նիկիտա Մելնիկովը չի մասնակցում Ռիո-2016-ին, իսկ 98 կգ քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնում է Իսլամ Մագոմեդովը, որին հայ ըմբիշը կարող է հանդիպել կիսաեզրափակիչում: Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի չեմպիոն, իրանցի Ղասեմ Ռեզային մյուս ենթախմբում է:

Օգոստոսի 16-ին պայքարի մեջ էր մտել նաեւ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, որը մեկնարկային գոտեմարտում 1 րոպե 25 վայրկյանում 9:0 հաշվով հաղթել էր եգիպտացի Ահմեդ Կահկին եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես են եկել նաեւ Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), որոնք պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.