Ռիո-2016. Արամ Ավագյանը պարտվեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնին

18:46   14 օգոստոսի, 2016

Ռիոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Արամ Ավագյանը հանդես եկավ 56 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում: Մրցակիցը իռլանդացի Մայքլ Քոնլանն էր, որն առաջին շրջանում ազատ էր:

Իռլանդացի բռնցքամարտիկը երեք ռաունդներում էլ առավելություն ուներ եւ հաղթեց 3:0 հաշվով:

24-ամյա Քոնլանը 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է 52 կգ քաշային կարգում, 2015թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնն է 56 կգ քաշային կարգում:

Արամ Ավագյանն առաջին շրջանում 2:1 հաշվով պարտության էր մատնել 20-ամյա ճապոնացի Արաշի Մորիսակային:

25-ամյա Արամ Ավագյանը Հայաստանի բազմակի չեմպիոն է, 2012 թվականի մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն, 2013 եւ 2015 թվականների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2013 եւ 2015 թվականներին ընդգրկվել է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում:

Ռիո-2016-ի ուղեգիրը նվաճել է Թուրքիայի Սամսուն քաղաքում անցկացված վարկանիշային մրցաշարում։

Անձնական մարզիչն է հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը։

Հիշեցնենք, որ Ռիոյում Հայաստանի բռնցքամարտիկներից 64 քաշային կարգի 1/16 եզրափակիչում Հովհաննես Բաչկովը մենամարտեց 24-ամյա վենեսուելացի Լուիս Մարտին Արկոնի հետ եւ հաղթեց 2:1 հաշվով: Օգոստոսի 14-ին կայանալիք 1/8 եզրափակիչի մենամարտում Հովհաննես Բաչկովը ռինգ դուրս կգա չինացի Քսյանսուն Հուի դեմ: Մենամարտը Երեւանի ժամանակով 20:00-ին է:

52 կգ քաշային կարգում 24-ամյա  Նարեկ Աբգարյանը 1/16 եզրափակիչում 2:1 հաշվով հաղթանակ տարավ  Ուգանդայի ներկայացուցիչ, 31-ամյա Ռոնալդ Սերուգոյի նկատմամբ:

Հաջորդ շրջանում Նարեկ Աբգարյանի մրցակիցը կլինի չինացի Յիանգուան Հուն: Մենամարտը տեղի կունենա օգոստոսի 16-ին:

69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը երկրորդ մենամարտում առաջին ռաունդում հոնքի արնահոսող վնասվածքի պատճառով տեխնիական նոկաւոտով պարտվեց Լոնդոն-2012-ի Օլիմպիական խաղերի չեմպիոն (64 կգ քաշային կարգում), 27-ամյա կուբացի Ռոնիել Իգլեսիասին: 1/16 եզրափակիչում Վլադիմիր Մարգարյանը 3։0 առավելությամբ հաղթել էր Ֆիջիի ներկայացուցիչ Ուինսթոն Հիլին:

49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը մեկնարկային մենամարտում 0:3 հաշվով պարտվել է իսպանացի Սամուել Հարմոնա Հերերային եւ դուրս մնացել պայքարից:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.