Վահան Մխիթարյանը՝ Ռիոյից. Շատ վատ տարա արդյունքս, մեծ հիասթափություն ապրեցի

22:11   12 օգոստոսի, 2016

Պատասխանատվության զգացումն ինձ խեղդում էր, նույնիսկ վախենում էի, բայց ավելի անհնագստացա, երբ իմացա՝ 85-ի մեջ 47-րդ արդյունքն եմ ցույց տվել, կյանքիս ամենամեծ «մանթրաժն» ապրեցի։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռիոյի Օլիմպիական խաղերի լողի մրցաշարին մասնակցած Հայաստանի պատվիրակության դրոշակակիր Վահան Մխիթարյանը:

50 մ ազատ ոճով  մրցաձեւում նա գրանցել է 23.50 վայրկյան արդյունք եւ չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Պայքարը շարունակում են 16 ուժեղագույնները: Վահան Մխիթարյանը գրավեց 47-րդ տեղը:

Վահան, Ռիո-2016-ը մեծահասակների քո առաջին Օլիմպիական խաղերն էին: Ինչպե՞ս կգնահատես մասնակցությունդ։

Ավելի լավ արդյունք էի սպասում, բայց չստացվեց։  Չեմ կարող ասել՝ ինչու, ինչն էր պատճասռը, բայց արդեն հասկանում եմ, որ ժամանակն է՝ նստել ու շատ լուրջ քննարկել, խոսել, հասկանալ, թե ինչու արդեն երկար ժամանակ իմ արդյունքները չեն բարելավվում։

Ինչո՞վ տարբերվեցին քեզ համար Օլիմպիական խաղերը մյուս մրցաշարերից։

Օլիմպիական խաղերի մասին պատկերացումներս ամբողջացան Ռիոյում։ Իրականում, ես շատ ուրախ էի, որ մասնակցում էի, բայց նաեւ շատ անհանգստանում էի, պատասխանատվության զգացումն ինձ խեղդում էր, նույնիսկ շատ վախենում էի։ Երբ կանգնեցի մեկնարկի, այդ պահին ինքս ինձ հանգստացնելու համար ասացի՝ «Վահան, ամեն ինչ նորմալ է, հիմա կլողաս ու ամեն ինչ լավ կլինի»։ Բայց մրցելույթս ավարտելուց հետո հասկացա, որ ամեն ինչ ավելի վատ է։

Մրցակցությունը մե՞ծ էր։

Այստեղ բոլորը շատ ուժեղ են, իմ մրցատարածությունում պայքարը մեծ էր։ Այս տարի ես զբաղեցրի 47-րդ տեղը։ Այդ արդյունքը նախորդ Խաղերում եղել է 46-րդ տեղի։ Դա նշանակում է՝ այդքան էլ մեծ աճ չկա։ Բայց մրցակցությունը, հաղթելու ցանկությունը այստեղ ներկաներից յուրաքանչյուրն ունի։

Այսինքն՝ հեշտ չէր։

Ես մտածում էի հեշտ կլինի, Չինաստանի՝ Նանջինգ-2014-ի պատանեկան Օլիմպիական խաղերի պես կլինի։ Այնտեղ բոլորն իմ տարեկիցներն էին, բոլորի հետ շփվում էինք, չէի վախենում, պատասխանատվության զգացումը չէր խեղդում ինձ։ Իսկ այստեղ  «սուպերսթարեր», լողի իսկական աստղեր, 20-ակի, չեմ զարմանա, եթե լինի 40-ակի օլիմպիական չեմպիոններ են։ Օրինակ՝ վստահ եմ, որ Մայքլ Ֆելփսը այսօր կդառնա 23-ակի օլիմպիական չեմպիոն։

Դու լողորդ ես ու լողորդի հոգեբանությունը լավ կհասկանաս։ Ըստ քեզ, ո՞րն է Ֆելփսի հաջողության գաղտնիքը։

Լողը վաղուց մարզաձեւ չէ։ Լողը գիտություն է։ Եվ ժամանակն է, որ մենք էլ լողը դիտենք որպեսզ գիտություն։ Այսօր առաջատար են բոլոր այն երկրները, որտեղ զարգացած է, զարգանում է գիտությունը։ Որքան ես եմ տեղյակ Ֆելփսի կենսագրությանը, նա փոքր տարիքում հոգեբանական խնդիրներ է ունեցել։ Ծնողները նրան տվել են լողի, որ կարգավորվի։ Նրա մարզիչը պատմել է, որ եթե հոգեբանական խնդիրներ ու հասկացողության հետ խնդիրներ չունենար Ֆելփսը, մյուսների պես կլիներ եւ այս հաջողություններին երբեք չէր հասնի։ Նա բացատրել է, թե որն է եղել Ֆելփսի հաջողության գաղտնիքը․այն, որ մարզիչը եռակի-քառակի անգամ մեծ ծանրաբեռնվածություն է տվել մարզումներին, իսկ Ֆելփսն առանց հասկանալու ընդունել ու մարզվել է այդ ծանրաբեռնվածությամբ, որով սովորական մարդը չի կարող մարզվել։ Արդյունքում անցել են Ֆելփսի հոգեբանական շեղվածությունները, բայց նա այսօր լեգենդ է։

Լողում հաջողության հասնելու գաղտնիքը մարզումների մեջ չէ։ Բոլորն էլ մարզվում են, բոլորն էլ 4 տարի օլիմպիական ցիկլում օրերն անցկացնում են լողավազանում։ Խնդիրը մարզումների մեջ չէ, այլ այն, որ պետք է գիտակցել՝ լողը գիտություն է։ Ահա թե ինչու կարիք ունեմ ուսումնասիրելու, հասկանալու։ Ես սիրում եմ այս մարզաձեւը։ Եթե չսիրեի, այսքան չէի չարչարվի, չէի մտահոգվի, չէի մտածի՝ ինչպես բարելավեմ արդյունքներս։ Ուզում եմ խոսել մարզիչներիս, հայրիկիս, նույնիսկ ընկերներիս հետ, ովքեր գուցե խելամիտ բացատրություն կամ առաջարկ ունենան ու սկսենք աշխատել։

Կպայքարե՞ս Տոկիո-2020-ի ուղեգրի համար։

Նպատակ ունեմ Տոկիոյի 2020-ում իմ մասնակցությունն ապահովել A որակավորումով, դա նշանակում է՝ որ ես մասնակցում եմ ու վերջ, հարց ու պատասխան չկա։ B որակավորումը նշանակում է՝ լրացնում ես օլիմպիական նորմատիվդ, սակայն քո մասնակցությունը Օլիմպիական խաղերում դրվում է քննարկման։ Բայց «սպիտակ քարտով» չեմ ցանկանում մասնակցել։ Արդեն գիտեմ սխալներս, կփորձեմ շտկել, որպեսզի հենց A որակավորումով էլ օլիմպիական ուղեգիր նվաճեմ ու մասնակցեմ Տոկիո-2020-ին։

Կարծես՝ հիասթափվա՞ծ ես։

Շատ վատ տարա արդյունքս, առաջին մի քանի ժամը մեծ հիասթափություն ապրեցի։ Հետո աստիճանաբար համակերպվեցի, հրաձիգ Հրաչ Բաբայանի հետ մի քանի ժամ համակարգչային խաղեր խաղացինք եւ հիասթափությունս վերափոխվեց նպատակների։ Երեկ ես կյանքիս ամենամեծ «մանթրաժն» ապրեցի։ Ռիո-2016-ն իմ մարզական կարիերայի կարեւորագույն էջերից մեկն էր, որը փակեցի, ամեն ինչ սկսելու եմ նոր էջից։

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։