Ռիո-2016. Հայաստանի հավաքականը զրկվեց երկու օլիմպիականներից, ՀԱՕԿ-ից պարզաբանում չկա

17:47   12 օգոստոսի, 2016

Հայաստանի օլիմպիականներ, աթլետ Գոռ Ներկարարյանը եւ լողորդ Մոնիկա Վասիլյանը չեն մասնակցի Ռիոյում ընթացող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին։ Օգոստոսի 12-ին պայքարի մեջ պետք է մտներ լողորդ Մոնիկա Վասիլյանը 50 մետր ազատ ոճ մրցաձեւում, սակայն NEWS.am Sport-ին հայտնի դարձավ, որ լողորդը ձեռքը վնասելու պատճառով բաց կթողնի Օլիմպիական խաղերում իր մրցելույթը։

Այս օրերին պայքարի մեջ պետք է մտնեն նաեւ հայ աթլետները, ովքեր Խաղերին ներկայացել են վեց օլիմպիականներով՝ Ամալյա Շառոյան, Դիանա Խուբեսերյանը, Լիլիթ Հարությունյանը, Գայանե Չիլոյանը, Լեւոն Աղասյանը եւ Գոռ Ներկարարյանը։ Սակայն հեռացատկորդ Գոռ Ներկարարյանի անունը բացակայում է հայտավորված մարզիկների ցուցակից:

ՀԱՕԿ-ը պաշտոնական մեկնաբանություն դեռ չի ներկայացրել։ Առանց մեկնաբանության եւ պարզաբանման է մնացել նաեւ ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի օլիմպիական թիմում կատարված փոփոխությունը։

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականն ունի Ռիո-2016-ի 5 ուղեգիր։ Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը NEWS.am Sport-ի թղթակցին հայտնել էր, որ Ռիո էր մեկնելու նաեւ 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը որպես պահեստային։ Սակայն հետագայում հայտնի դարձավ, որ ծանրամարտի Հայաստանի օլիմպիական թիմը պահեստային մարզիկի կարիք չունի եւ հայտացուցակից հանվեց Վանիկ Ավետիսյանը, թեեւ նա մեկնել է Ռիո։ 

Այսպիսով, Հայաստանը Ռիո-2016-ին մասնակցում է ոչ թե 33, այլ 31 օլիմպիականով։ Հիշեցնենք, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հույս էր հայտնել, որ 33 օլիմպիականներից առնվազն 20-ը օլիմպիական մեդալի հավակնորդ են։

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։