Ռիո-2016. Հովհաննես Բաչկովը նոկդաունից հետո հաղթանակ տարավ

19:57   10 օգոստոսի, 2016

Ռիոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում ռինգ դուրս եկավ Հայաստանի չորրորդ ներկայացուցիչ Հովհաննես Բաչկով: 64 քաշային կարգի 1/16 եզրափակիչում Հովհաննես Բաչկովը մենամարտեց 24-ամյա վենեսուելացի Լուիս Մարտին Արկոնի հետ եւ հաղթեց 2:1 հաշվով:

Առաջին ռաունդում Բաչկովը նոկդաունի ենթարկվեց, բայց կարողացավ շարունակել պայքարը: Տանուլ տված առաջին ռաունդից հետո Բաչկովը կարողացավ հաղթել երկրորդ ռաունդում եւ հավասարեցնել պայքարը, իսկ երրորդ ռաունդն առավելությամբ անցկացրեց եւ դուրս եկավ հաջորդ փուլ:

Օգոստոսի 14-ին կայանալիք 1/8 եզրափակիչի մենամարտում ռինգ դուրս կգա չինացի Քսյանսուն Հուի դեմ:

23-ամյա Հովհաննես Բաչկովը Հայաստանի բազմակի չեմպիոն է, միջազգային մրցաշարերի հաղթող,Վենեսուելայի վարկանիշային մրցաշարի հաղթող: Օլիմպիական ուղեգիրը նվաճել է Վենեսուելայում անցկացված վերջին վարկանիշային մրցաշարում։ Ամուսնացած է, ունի որդի։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին 56 կգ քաշային Արամ Ավագյանը հաղթանակով մեկնարկեց՝ 2:1 հաշվով պարտության մատնելով 20-ամյա ճապոնացի Արաշի Մորիսակային:

25-ամյա Արամ Ավագյանը Հայաստանի բազմակի չեմպիոն է, 2012 թվականի մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն, 2013 եւ 2015 թվականների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2013 եւ 2015 թվականներին ընդգրկվել է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում: Ռիո-2016-ի ուղեգիրը նվաճել է Թուրքիայի Սամսուն քաղաքում անցկացված վարկանիշային մրցաշարում։ Անձնական մարզիչն է հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը։

Ռիոյում Հայաստանի բռնցքամարտիկներից 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը 1/16 եզրափակիչում 3։0 առավելությամբ հաղթել է Ֆիջիի ներկայացուցիչ Ուինսթոն Հիլին եւ հաջորդ փուլի ուղեգրի համար օգոստոսի 11-ին կմրցի Լոնդոն-2012-ի Օլիմպիական խաղերի չեմպիոն, կուբացի Ռոնյել Իգլեսիասի հետ:

49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը մեկնարկային մենամարտում 0:3 հաշվով պարտվել է իսպանացի Սամուել Հարմոնա Հերերային եւ դուրս մնացել պայքարից:

Հայաստանը Ռիոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում կներկայացնի նաեւ Նարեկ Աբգարյանը (52 կգ):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։