Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Նորայր Բախտամյան

19:21   3 հուլիսի, 2012

Լոնդոնի 30-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջինը կներկայացնի հրաձիգ Նորայր Բախտամյանը: NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել Հայաստանի 25 օլիմպիականներին:

Նորայր Բախտամյան. հրաձիգ

Ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 1-ին, Երեւանում:

Հրաձգությամբ սկսել է զբաղվել 1985 թվականից: Հայաստանի բազմակի չեմպիոնն: 2004թ.  Աթենքի Օլիմպիական խաղերի չորրորդ մրցանակակիր: 2012թ.  աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ մրցանակակիր: Եվրոպայի ձմեռային առաջնության 6-րդ մրցանակակիր:  2011 թվականի աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր:

Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել է Մյունխենում կայացած հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում:

Ամուսնացած է:

Նորայր Բախտամյանի անհատական մարզիչն է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:

Ամեն ինչ սկսվեց այսպես…

Հրաձգությամբ զբաղվում եմ արդեն շուրջ 30 տարի: Մարզվել եմ 15 տարեկանից: Մանկուց սիրել եմ զենքի հետ խաղալ: Դեռ փոքր տարիքից ինքս զենքեր էր սարքում ու կրակում: Հիշում եմ` մի անգամ վերջացան փամփուշտներս, եւ ես ստիպված տարբեր տեղերից փորձեցի հայթհայթել դրանք: Ու այդպես ընկերներիցս մեկն ասաց, որ այդ փամփուշտներից կա հրաձգարանում, որտեղ ինքը գնում է կրակելու: Գնացի ընկերոջս ասած տեղը զուտ փամփուշտ ձեռք բերելու: Այնտեղ կրակեցի մի քանի հատ եւ պարզվեց, որ ես լավ եմ կրակում: Մի տարի անց  դարձա սպորտի վարպետի թեկնածու, սկսեցի մրցումների մասնակցել ու այսպես ամեն ինչ սկսվեց:

Հրաձիգը պետք է հավասարակշռված լինի…

Հրաձգությամբ սկսել եմ մարզվել Զեյթունի «ՊՄՏԸ» մարզադպրոցում` Խորեն Իգիթյանի մոտ: Նրանից շատ բան սովորեցի` համբերություն, հավասարակռշվածություն: Հրաձգությունը շտապողականություն չի սիրում: Հոգեբանությունը նույնպես կարեւոր դերակատարություն ունի: Նույնիսկ լավ տեսողությունը շատ կարեւոր չէ: Այլ` ուղեղի եւ ընդհանուր մարմնի աշխատանքն է կարեւոր: Այս ամենը ես սովորել եմ իմ մարզիչներից: Այժմ անձնական մարզիչս ՀՀ հրաձգության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն է:

30 տարի  հաջողություններով…

Կյանքիս գլխավոր հաջողությունները համարում եմ Օլիմպիական խաղերին մասնակցելս: 2004 թվականին Աթենքի Օլիմպիական խաղերում գրավել եմ 4-րդ տեղը: Չորս տարի անց  2008-ում` կրկին Օլիմպիական խաղերում էի` այս անգամ Պեկինում. սակայն անհաջող ելույթով: 2012թ. աշխարհի գավաթի խաղարկությունում երկու անգամ 4-րդ մրցանակակիր դարձա:  Այս տարվա փետրվարին Ֆինլանդիայի Վերումայկի քաղաքում կայացած Եվրոպայի ձմեռային առաջնությունում վաստակելով 679,6 միավոր՝ գրավեցի 6-րդ հորիզոնականը: 2011 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունում` 2-րդն էի,  որն էլ  ինձ տվեց Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր:

Ես գնում եմ Լոնդոն…

Սա իմ երրորդ Օլիմպիական խաղերն են: Գնում եմ` մեդալ բերելու ակնկալիքով: Առաջինն եմ դուրս գալու օլիմպիական մրցաբեմ: Հուլիսի 28-ին՝ օլիմպիական խաղերի մեկնարկից մեկ օր անց կմասնակցեմ 10 մետր, իսկ օգոստոսի 5-ին`  50 մետրից օդամղիչ ատրճանակով մրցաձեւերի մրցումներին:

Լուրջ եմ պատրաստվում այս Օլիմպիական խաղերին: Մարզվում եմ օրը  12 ժամ, հաշված օրեր են մնացել: Առջեւում ունեմ Լվովում կայանալիք Ուկրաինայի բաց առաջնությունը, դրան կհաջորդի ուսումնամարզական կարճ հավաք, այնուհետեւ կմեկնեմ Լոնդոն: Գտնվում եմ լավ մարզավիճակում:  

Ակնկալիքներ…

Ակնկալիքներս մեծ են: Լավ ելույթի հույս ունեմ, եւ կարծում եմ հաջողությունն այս անգամ իմ կողմից կլինի: Ինձ դեռ թվում է, որ ինչ-որ մի բան լինելու է: Անբացատրելի զգացում ունեմ: Ցանկանում եմ, որ ընտանիքս շարունակի հպարտանալ ինձանով: Հաջողությունս կնվիրեմ ընտանիքիս, որովհետեւ նրանք են ինձ ոգեշնչում:

Հարգանքներով` Նորայր Բախտամյան, հատուկ NEWS.am Sport-ի համար



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.