Ռիո-2016. Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ազգերի շքերթին (ֆոտո)

03:59   6 օգոստոսի, 2016

Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա» ստադիոնում Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը մասնակցեց 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության մասնակիցների շքերթին, որը կոչվում է ազգերի շքերթ: Հայաստանի պատվիրակությանը դրոշակակիր, լողորդ Վահան Մխիթարյանի առաջնորդությամբ 12-րդ մտավ ասպարեզ: 

Շքեղ ներկայացումով եւ հրավառությամբ մեկնարկել է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Ներկաներին ողջունեց Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, գերմանացի Թոմաս Բախը: Հնչեց Բրազիլիայի օրհներգը եւ անցկացվեց գեղարվեստական մասը, որին հաջորդել է մասնակիցների շքերթը: Այն բացել է օլիմպիական շարժման հիմնադիր Հունաստանը, կեզրափակի՝ Խաղերի կազմակերպիչ Բրազիլիան: Շքերթին կմասնակցի 207 պատվիրակություն: Արարողության ուղիղ հեռարձակմանը հեռուստալսարանն ամբողջ աշխարհում 3 միլիարդ հեռուստադիտող է:

Նշենք, որ 80 հազար տեղերից բրազիլացիներին հատկացված 20 հազար տեղ դատարկ է: Բրազիլիայի բնակչությունը բացակայությամբ բողոքում է սուր տնտեսական ճգնաժամի պայմաններում Օլիմպիական խաղեր անցկացնելու դեմ: Երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի պաշտոնանկությունից հետո երկրի ղեկավարի պաշտոնակատարն է Միշել Տեմերը, որը չի ներկայացվել ստադիոնում, որպեսզի չարժանանա բրազիլացիների սուլոցներին:

Խաղերը կշարունակվեն մինչեւ օգոստոսի 21-ը: Հայաստանը կներկայացնեն 33 մարզիկներ ըմբշամարտում, բռնցքամարտում, ձյուդոյում, ծանրամարտում, սպորտային մարմնամարզությունում, լողում, աթլետիկայում, հրաձգությունում:

Օգոստոսի 6-ին մեկնարկ դուրս կգան Հայաստանի չորս պատվիրակներ՝ ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը (60 կգ), բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) եւ մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը:

Հիշեցնենք, որ 1996թ. Ատլանտայի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբիշ Արմեն Նազարյանի նվաճած ոսկե մեդալը անկախ Հայաստանի պատմության մեջ դեռ միակն է: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.