Ռիո-2016. Շքեղ հրավառությամբ մեկնարկեց բացման արարողությունը (ֆոտո)

03:14   6 օգոստոսի, 2016

Ռիոյի լեգենդար «Մարականա» ստադիոնում շքեղ ներկայացումով եւ հրավառությամբ մեկնարկել է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Ներկաներին ողջունեց Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, գերմանացի Թոմաս Բախը: Հնչեց Բրազիլիայի օրհներգը եւ սկսվել է գեղարվեստական մասը, որին կհաջորդի մասնակիցների շքերթը:

80 հազար տեղերից բրազիլացիներին հատկացված 20 հազար տեղ դատարկ է: Բրազիլիայի բնակչությունը բացակայությամբ բողոքում է սուր տնտեսական ճգնաժամի պայմաններում Օլիմպիական խաղեր անցկացնելու դեմ:

Հայաստանի պատվիրակությունը մասնակիցների շքերթին դուրս կգա 12-րդը: Դրոշակակիրը լողորդ Վահան Մխիթարյանն է: Մասնակիցների շքերթը կբացի օլիմպիական շարժման հիմնադիր Հունաստանը, կեզրափակի՝ Խաղերի կազմակերպիչ Բրազիլիան: Շքերթին կմասնակցի 207 պատվիրակություն:

Սպասվում է, որ բացման արարողությունը կտեւի երեք ժամ՝ տեղի ժամանակով 20:00-ից 23:00 (Երեւանի ժամանակով՝ 03:00-06:00): Ներկայացմանը կմասնակցի 35 հազար մարդ, այդ թվում սամբայի 12 դպրոցներ:

Խաղերը կշարունակվեն մինչեւ օգոստոսի 21-ը: Հայաստանը կներկայացնեն 33 մարզիկներ ըմբշամարտում, բռնցքամարտում, ձյուդոյում, ծանրամարտում, սպորտային մարմնամարզությունում, լողում, աթլետիկայում, հրաձգությունում:

Օգոստոսի 6-ին մեկնարկ դուրս կգան Հայաստանի չորս պատվիրակներ՝ ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը (60 կգ), բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) եւ մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.