Ռիո-2016. Հայաստանի օլիմպիականները. Լիլիթ Հարությունյան, Դիանա Խուբեսերյան, Ամալյա Շառոյան (ֆոտո)

23:57   4 օգոստոսի, 2016

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել Ռիո-2016-ի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիականներին: Խաղերի մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին:

Լիլիթ Հարությունյան, աթլետիկա, 400 մետր արգելավազք

Ծնվել է 1993 թվականի ապրիլի 4-ին, Գյումրիում։

Ամուսնացած է, ունի դուստր։

Անձնական մարզիչն ամուսինն է՝ Արթուր Ղազարյանը։

Հայաստանի բազմակի չեմպիոն է, սպորտի վարպետ, Համահայկական խաղերի եռակի չեմպիոն,Բալկանյան երկրների առաջնության 800 մետր վազքում լրացրել է սպորտի վարպետի նորմա եւ սահմանել Հայաստանի ռեկորդ։

Ռիո-2016 օլիմպիական ուղեգիրը նվաճել է Հայաստանի առաջնությունում օլիմպիական նորմատիվ լրացնելու շնորհիվ։

Լիլիթ Հարությունյան.

«Աթլետիկայով սկսել եմ զբաղվել դպրոցական տարիներից, երբ դեռ 14 տարեկան էի։ Մեր ֆիզկուլտուրայի ուսուցիչը մեզ տարավ վազքի մրցումների։ Հաջող մասնակցեցի եւ հաղթեցի, այդ օրվանից ուսուցիչս ինձ համոզեց, որ զբաղվեմ աթլետիկայով։ Սկզբում ուղղակի մարզվում էի, բայց միայն ամուսնությունից հետո սկսեցի ավելի լուրջ վերաբերվել իմ ընտրած մասնագիտությանը։ Ամուսինս է մարզիչս, Վանաձորում ենք մարզվում։ Ուղեգիրս նվաճեցի Արտաշատում կայացած  Հայաստանի առաջնությունում։ Ինձ ասացին, որ ես լրացրել եմ օլիմպիական նորմատիվը, բայց չէի հավատում այնքան ժամանակ, մինչեւ միջազգային ֆեդերացիան եւ Միջազգային օլիմպիական կոմիտեն հաստատեցին եւ ինձ ուղարկեցին օլիմպիական ուղեգիրս։

Մեծ ոգեւորություն է ինձ համար, որ մասնակցելու եմ Խաղերին։ Ցանկանում եմ իմ արդյունքը բարելավել»։

Դիանա Խուբեսերյան, աթլետիկա, 200 մ վազք

Ծնվել է 1994 թվականի մայիսի 5-ին։

Ամուսնացած չէ։

Անձնական մարզիչն է Գեղամ Տեր-Գրիգորյանը։

Հայաստանի չեմպիոն է եւ ռեկորդակիր, միջազգային մրցաշարերի հաղթող։ Մասնակցել է Սինգապուրի պատանեկան Օլիմպիական խաղերին։

Օլիմպիական ուղեգիրը նվաճել է Ղազախստանի գավաթի խաղարկությունում օլիմպիական նորմատիվ լրացնելու շնորհիվ։

Դիանա Խուբեսերյան.

«Դպրոցական տարիքում ինձ հնարավորություն տրվեց մասնակցել վազքի մրցումների։ Այդ մրցումների ժամանակ ինձ նկատել էր առաջին մարզիչս՝ Սուրիկ Բեգոյանը, ում խորհրդով ես սկսեցի մարզվել աթլետիկայով ու սիրեցի այս մարզաձեւը։

Դեռեւս Լոնդոն-2012-ի Օլիմպիական խաղերից իմ առջեւ նպատակ եմ ունեցել դրած, որ մասնակցեմ Ռիո-2016-ին։ Մասնակցել եմ Սինգապուրի պատանեկան Օլիմպիական խաղերին, բայց ցանկություն ունեի մասնակից լինել իսկական Օլիմպիական խաղերին։

Ղազախստանի բաց առաջնությունում մեծ ջանքերի ու երկարատեւ մարզումների արդյունքում վազեցի 200 մետր մրցատարածությունը եւ լրացրեցի օլիմպիական նորմատիվը։

Կարծում եմ, յուրաքանչյուր մարզիկ նպատակ է ունենում մասնակցել Օլիմպիական խաղերին։ Իմ նպատակն էլ Բրազիլիան է եղել, որին հասա»։

Ամալյա Շառոյան, աթլետիկա, հեռացատկ

Ծնվել է 1988 թվականի հունիսի 19-ին, Երեւանում։

Ամուսնացած է։

Անձնական մարզիչը Տիգրան Եղիկյանն է։

Հայաստանի բազմակի չեմպիոն է, 7 մրցաձեւերի սպորտի վարպետ, Եվրոպայի թիմային գավաթի 2 մրցաձեւերի հաղթող, միջազգային մի շարք մրցաշարերի հաղթող։

Օլիմպիական ուղեգիրը նվաճել է Ալբանիայի վարկանիշային մրցաշարում։

Ամալյա Շառոյան.

«Օլիմպիական խաղերը ամեն ինչի գագաթնակետն է։ Ես դեռ Պեկին-2008-ից եմ ցանկացել մասնակցել Օլիմպիական խաղերին։ Այդ ժամանակ հաջողությունն ինձ չժպտաց։ Փափագել եմ, որ օլիմպիական թիմի անդամ կլինեմ Լոնդոն-2012-ին, բայց այդ ժամանակ էլ բախտն ինձ չժպտաց։ Անհաջողությունները հաջորդում էին իրար։

Միայն այս տարի, Ալբանիայում կայացած միջազգային մրցաշարում հաջողությունն ինձ ժպտաց եւ ես կարողացա իրականացնել իմ այն երազանքը, որը 2008 թվականից փափագում էի։

Գնում եմ Օլիմպիական խաղեր մեդալի ակնկալիքով։ Ցանկանում եմ հաղթանակով վերադառնալ Ռիոյից։ Պայքարելու եմ հնարավորություններիս չափով»:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։