10:24 25 հուլիսի, 2016Ռիոյում օգոստոսի 5-ին մեկնարկելիք 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության մի մասն այս գիշեր մեկնեց մրցավայր: Երեւան - Մոսկվա - Դոհա - Ռիո դե Ժանեյրո թռիչքով մեկնեցին Հայաստանի օլիմպիական հավաքականի ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց թիմերը, աթլետներն ու լողորդները: Փաշիկ Ալավերդյանի գլխավորած թիմի կազմում օլիմպիական մայրաքաղաք մեկնեցին ծանրորդներ Ռուբեն Ալեքսանյանը, Գոռ Մինասյանը, Անդրանիկ Կարապետյանը, Սիմոն Մարտիրոսյանը եւ պահեստային Վանիկ Ավետիսյանը: Մեկնողների հետ չէր 85 կգ քաշային Առաքել Միրզոյանը, ով ավելի ուշ է մեկնելու Ռիո::
Կանանց թիմի կազմում Ռիո մեկնեցին Նազիկ Ավդալյանն ու Սոնա Պողոսյանը՝ կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի հետ:
Ռիո-2016-ում հայ աթլետները հանդես կգան 6 օլիմպիականներով: Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ Ռիո ժամանեցին Ամալյա Շառոյանը, Դիանա Խուբեսերյանը, Լիլիթ Հարությունյանը, Գայանե Չիլոյանը, Գոռ Ներկարանյանը եւ Լեւոն Աղասյանը: Հայաստանի պատվիրակության առաջին թիմի հետ օլիմպիական քաղաք մեկնեցին նաեւ լողորդներ Վահան Մխիթարյանն ու Մոնիկա Վասիլյանը:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի բացման շքերթում Հայաստանի դրոշակակիրն է լինելու Վահան Մխիթարյանը: Լողորդները Օլիմպիական քաղաք մեկնեցին առանց մարզիչի:
«Բարձր տրամարդությամբ ենք մեկնում: Մինչ մրցելույթների մեկնարկը կունենք 10-ն օրյա հավաք: Սպասելիքներով մեկնում ենք, թե ինչ արդյունքներ կունենանք, ցույց կտա օլիմպիական մրցահարթակը»,- NEWS.am Sport-ի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն էլ հույս հայտնեց, որ Ռիո են մեկնում մեդալի հույսով:
«Հույս ունեմ, որ Նազիկ Ավդալյանը կուրախացնի բոլորիս, ինչպես նաեւ ինքն իրեն եւ իր առաջին Օլիմպիական խաղերում մեդալ կնվաճի: Սոնա Պողոսյանի համար այս Օլիմպիական խաղերը մեծ փորձ են՝ ինքնադրսեւորվելու եւ փորձ ձեռք բերելու համար: Շատ ցավում եմ, որ մեր առաջատար ծանրորդ, Լոնդոն-2012-ի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը բաց է թողնում այս Խաղերը: Բայց հույս չեմ կտրում, որ Տոկիո-2020-ին Հռիփսիմեն կմասնակցի եւ հաղթանակով ու պատվով այդ Խաղերից հետո նոր կավարտի իր մարզական կարիերան»,- ասաց Արտաշես Ներսիսյանը:
Հայաստանի օլիմպիական թիմի երկրորդ կազմը՝ բռնքամարտիկներն ու հրաձիգ Հրաչ Բաբայանը, Ռիո կմեկնեն հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը: Արդեն Բրազիլիայում են գտնվում հայ մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը՝ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ: Մարմնամարզիկներն այս օրերին ուսումնամարզական վերջին հավաքն են անցկացնում Բրազիլիայի Բլումանեու քաղաքում եւ Հայաստանի օլիմպիական հավաքականին կմիանան օգոստոսի 3-ին: Նշենք, որ արդեն Օլիմպիական քաղաք է մեկնել Հայաստանի պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանը՝ նախքան Հայաստանի թիմերի ժամանումը կազակերպչական վերջին աշխատանքները կարգավորելու նպատակով:
Խաղերի մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին. բացման արարողությանը Հայաստանի պատվիրակությունը շքերթի դուրս կգա 35 ներկայացուցիչներով։
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.