Ռիո-2016. Հայաստանի օլիմպիականները. Վահան Մխիթարյան, Մոնիկա Վասիլյան (ֆոտո)

17:49   23 հուլիսի, 2016

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք ձեռք բերած Հայաստանի օլիմպիականներին: Օլիմպիական խաղերի մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին Ռիո դե Ժանեյրոյում:

Լող մարզաձեւում Հայաստանը Ռիո-2016-ում կներկայացնեն երկրի առաջատար լողորդներ Վահան Մխիթարյանը եւ Մոնիկա Վասիլյանը:

Վահան Մխիթարյան, լող, 50մ ազատ ոճ

Ծնվել է 1996 թվականի օգոստոսի 16-ին, Երեւանում:

Ամուսնացած չէ:

Հայաստանի հավաքականի անդամ, Հայաստանի բազմակի չեմպիոն, 2013 թվականին Բրազիլիայում կայացած համաշխարհային դպրոցական խաղերի բրոնզե մեդալակիր: Մասնակցել է 2014 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերին եւ 50 մ ազատ ոճում գրանցել 23,62 վայրկյան արդյունք:

Ռիո-2016-ի ուղեգիրը ստացել է «սպիտակ քարտի» շնորհիվ:

Անձնական մարզիչն է հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը:

Վահան Մխիթարյանը լինելու է Ռիո-2016-ի բացման հանդիսավոր արարողությունում մասնակիցների շքերթի Հայաստանի դրոշակակիրը։

Ամեն ինչ սկսվեց...

Ամեն ինչ սկսվեց 16 տարի առաջ, երբ ես 4 տարեկան էի։ Մի ընկեր ունեի մեր բակից, ով գալիս էր ու անդադար «ջիջիլ» էր գցում բոլորիս, որ ինքը 5 տարեկան է ու իրեն ընդունել են լողի, որ 5 տարեկանից են լողի ընդունում, մենք փոքր ենք եւ մեզ չեն ընդունի լողի։ Այնքան պարծեցավ, որ իմ մեջ էլ ցանկություն առաջացավ այդ սպորտով զբաղվել։ Ծնողներս հարցրեցիր, թե ծնունդիս նվեր ինչ եմ ուզում, ասացի լողով եմ ուզում զբաղվել։ Եվ այդ ժամանակից սկսվեց իմ մարզական կարիերան։ Սկզբնական շրջանում չէի հասկանում, ուղղակի զբաղվում էի, հետո տարիների ընթացքում կապվեցի այս մարզաձեւի հետ, ջրի հետ, լողավազանի հետ։ Դարձել է կյանքիս հիմնական մասը:

Ուղեգիրը նվաճեցի...

Ես դեռ 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերից ոգեշնչված սկսել եմ աշխատել Ռիո-2016-ին մասնակցելու ցանկությունս իրականություն դարձնելու համար։ Օլիմպիական ուղեգրիս նվաճումն այնպես չստացվեց, ինչպես ես էի կամենում։ Մասնակցեցի վարկանիշային մրցաշարերի, հնարավորություն ունեցա ուսումնամարզական հավաքների մասնակցել Հայաստանից դուրս, բայց բուն մրցումների ընթացքում հաջողությունն ինձ չէր ժպտում, որ կարողանայի վարկանիշ ձեռք բերել։ Ամեն մրցման ընթացքում միշտ շատ քիչ է պակասել, որ հասնեմ վարկանիշին։ Բայց անչափ ուրախ եմ, որ Օլիմպիական կոմիտեն ինձ հնարավորություն ընձեռեց «սպիտակ քարտի» շնորհիվ դառնալ Հայաստանի օլիմպիական թիմի անդամը եւ մասնակցել Ռիո-2016-ին։

Ես գնում եմ Ռիո...

Գնում եմ Ռիո, որպեսզի արդարացնեմ բոլորի հույսներն ու սպասելիքներն ինձանից, իմ մասնակցությունից։ Ճիշտ է՝ մի փոքր ուշ է ստացվում բոլորի սպասելիքներն արդարացնելը, բայց ինչպես ասում են՝ ուշ լինի, նուշ լինի։

Հույսեր, սպասելիքներ...

Հուսամ ինքս իմ առջեւ դրած խնդիրն կկարողանամ լուծել եւ բարելավել իմ արդյունքը։

Մոնիկա Վասիլյան, լող, 50մ ազատ ոճ

Ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 10-ին, Երեւանում:

Ամուսնացած չէ:

7 տարի անընդմեջ Հայաստանի չեմպիոն է, 2007թ. Նավասարդյան խաղերի չեմպիոն, Համահայկական խաղերի չեմպիոն է, միջազգային կարգի սպորտի վարպետ:

Անձնական մարզիչն է Ռաֆայել Վասիլյանը:

Ռիո-2016-ի ուղեգիրը ստացել է «սպիտակ քարտի» շնորհիվ:

Ամեն ինչ սկսվեց...

Լողով զբաղվում եմ երեք տարեկանից։ Մեր ընտանիքում, մասնավորապես հորեղբորս ընտանիքում եղել են լողորդներ, ջրացատկորդներ, այդպես որոշվեց, որ ես էլ պետք է զբաղվեմ այս մարզաձեւով։

Արդեն 10 տարի է զբաղվում եմ պրոֆեսիոնալ լողով, 7 տարի անընդմեջ եղել եմ Հայաստանի չեմպիոն, միջազգային սպորտի վարպետի կոչում ունեմ։ Ինձ համար սա ուղղակի մարզաձեւ կամ հոբբի չէ, այն արդեն կենսակերպ է, որով ես ապրում եմ։

Ռիո-2016-ի ուղեգիր նվաճեցի...

Ուղեգիրը ստացել եմ «սպիտակ քարտի» շնորհիվ։ Օլիմպիական խաղերին մասնակցելն իմ երազանքներից մեկն է եղել։ Կարելի է ասել, այսքան տարի դրան եմ ձգտել, երազել, նպատակ դրել իմ առջեւ։ Ուրախ եմ, որ նպատակս իրականություն դարձավ եւ ինձ հնարավորություն տրվեց մասնակցել այդ մեծ մարզական միջոցառմանը։

Ես գնում եմ Ռիո...

Ցանկանում եմ Ռիոյում բարելավել իմ արդյունքները եւ սահմանել Հայաստանի նոր ռեկորդ։

Հույսեր, սպասելիքներ...

Մի փոքր անհանգստություն ունեմ, որը, կարծում եմ, կանցնի երբ հասնեմ Օլիմպիական քաղաք։ Հուսամ ինձ կհաջողվի լավ հանդես գալ եւ սահմանել Հայաստանի նոր ռեկորդ։

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։