Ադրբեջանի թիմը ներողություն է խնդրել Հայաստանի թիմից եւ շանս է ստացել մասնակցել աշխարհի առաջնությանը

11:23   22 հուլիսի, 2016

Այս տարի Ուկրաինայի Լվով քաղաքում անցկացված կունգ-ֆուի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանի եւ ադրբեջանցի մարզիկի մենամարտի ժամանակ խայտառակ վարքի, Հայաստանի ներկայացուցիչների վրա հարձակվելու եւ մարզադահլիճում բախումներ հրահրելու համար որակազրկված Ադրբեջանի հավաքականին թույլ են տվել մասնակցել Մոսկվայում մեկնարկող աշխարհի 5-րդ առաջնությանը:

NEWS.am Sport-ի թղթակիցը աշխարհի առաջնության կազմակերպիչ Ռուսաստանի կունգ-ֆուի ֆեդերացիայի նախագահ Կամիլ Ռաբադանովին խնդրել է մեկնաբանել Ադրբեջանի հավաքականի ներկայությունը Մոսկվայում:

«Այդպիսի կոնֆլիկտները պետք է տեղ չունենան մեր մարզաձեւում, քանի որ սպորտը խաղաղության դեսպան է: Դա կազմակերպիչների սխալի հետեւանք էր: Մենք ուսումնասիրել ենք մենամարտի տեսագրությունը: Այնտեղ իսկապես խախտում է թույլ տալիս ադրբեջանցի մարզիկը: Կուգֆ-ֆուի եվրոպական ֆեդերացիան որակազրկել էր Ադրբեջանի թիմին, բայց մենք կատարեցինք դաստիարակչական աշխատանք, հրավիրեցինք կազմկոմիտեի նիստ, եւ ես խնդրեցի միջազգային ֆեդերացիայի նախագահին շանս տալ Ադրբեջանի հավաքականին: Քանի որ Ադրբեջանի թիմը ներողություն է խնդրել Հայաստանի հավաքականից, մենք որոշեցինք շանս տալ նրանց»,- ասել է Կամիլ Ռաբադանովը:

Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար Մոսկվա է ժամանել 15 երկրների մոտ հազար մարզիկներ: Չինաստանը ներկայացված է 15 նահանգների թիմերով: Առաջնությունը կավարտվի հուլիսի 26-ին:

Պարույր Սինյավսկի՝ Մոսկվայից



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.