Ռիո-2016. Հայաստանի օլիմպիականները. Արամ Ավագյան (ֆոտո)

23:22   11 հուլիսի, 2016

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել  31-րդ ամառային Օլիմպիական խաղերում մասնակցության իրավունք ձեռքբերած Հայաստանի օլիմպիականներին: Օլիմպիական խաղերի մեկնարկը կտրվիօգոստոսի 5-ին՝ Ռիո դեԺանեյրոյում:

Արամ Ավագյան, բռնցքամարտ 56 կգ քաշային կարգ

Ծնվել է 1991 թվականի հունվարի 18-ին։

Ամուսնացած չէ:

Հայաստանի բազմակի չեմպիոն է, 2012 թվականի մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն, 2013 եւ 2015 թվականների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2013 եւ 2015 թվականներին ընդգրկվել է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում:

Ռիո-2016

Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է Թուրքիայի Սամսուն քաղաքում անցկացված վարկանիշային մրցաշարում։

Անձնական մարզիչն է հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը։

Ամեն ինչ սկսվեց...

Ամեն ինչ սկսվեց 11 տարեկանում, երբ հայրս ինձ խորհուրդ տվեց ուժեղ լինելու համար զբաղվել բռնցքամարտով։ Սկզբում դա ընդամենը ինքնապաշտպանության համար էր, բայց հետագայում առաջին հաղթանակներից հետո սկսեցի սիրել այս մարզաձեւը։ Բացի այդ հայրս բռնցքամարտով զբացվել է եւ ինձ միշտ ոգեւորում էր փոքր տարիքում, որ այս մարզաձեւով զբաղվելու դեպքում կյանքում մեծ հաջողությունների կհասնեմ։

Բռնցքամարտն ինձ համար ռինգում արագ շախմատ խաղալ է՝ արագ կողմնորոշել, մրցակցի ուժեղ եւ թույլ կողմերը բացահայտել։ Բացի այդ այս մարզաձեւը սիրում եմ դիտարժանության համար։

Ռիոյի ուղեգիրը նվաճեցի...

Այս ուղեգիրն ինձ համար շատ թանկ է։ Մինչ այս փորձել էի Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել, բայց չէր ստացվել․ հավանաբար փորձի պակասն էր, կամ պահը չէր հասունացել։ Մեր թիմին այս ուղեգրերը շատ բարդ տրվեցին՝ մեկ ու միակ վարկանիշային մրցաշար, որին պետք է մասնակցեինք, այն էլ Թուրքիայում եւ այն էլ հայ ժողովրդի համար շատ լարված ու պատերազմական օրերում։ Այն, որ Թուրքիայում գտնվելու օրերին, ժամերին սահմանին կանգնած տղերքը կյանք էին տալիս մեր հողի համար, ինձ համար լրացուցիչ մոտիվացիա հանդիսացավ, որ ավելի մեծ ոգեւորությամբ, էլ ավելի մեծ եռանդով հանդես գանք Թուրքիայում եւ փորձենք բարձրացնել հայող եռագույնը։

Ես գնում եմ Ռիո...

Բարձր տրամադրությամբ, նպատակով ու մեդալ նվաճելու ցանկությամբ եմ մեկնում Ռիո։ Կարծում եմ՝ ես կկարողանամ Ռիոյում իրականացնել իմ, մարզիչիս եւ ինձ համար անհանգստացող բոլորի երազանքը։

Սպասումներ, հույսեր․․․

Առանց հույսի երբեք ռինգ դուրս չեմ գալիս։ Սպասումներ ունեմ։ Հավատով եմ գնում Օլիմպիական խաղեր։

Անձնական մարզիչ Կարեն Աղամալյան

«Արամ Ավագյանի հետ աշխատում եմ արդեն 6 տարի։ Նրա մեջ նպատակ տեսա, ձգտում՝ մեծ հաջողությունների հասնելու, եւ ես ինքս կամեցա լինել նրա անձնական մարզիչը։ Արամ Ավագյանն այն մարզիկներից է, ում վրա կարելի է հույս դնել, կարգապահ ու աշխատասեր է։ Ուրախ եմ, որ նրան հաջողվեց նվաճել օլիմպիական ուղեգիր։ Հուսամ, արդեն Ռիոյում նա լիարժեք պատրաստ կլինի թե ֆիզիկապես, թե հոգեպես Օլիմպիական մեդալ նվաճելուն։ Առանց հույսերի ոչ մի տեղ չենք գնում։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։