Էդեր. Ռոնալդուն ասաց, որ կարող եմ դառնալ հաղթական գոլի հեղինակ

13:05   11 հուլիսի, 2016

Ֆուտբոլի Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի եզրափակիչ խաղի միակ ու հաղթական գոլի հեղինակ Էդերը խփած գոլը նվիրել է իր անձնական աճի ու զարգացման մարզիչ Սյուզանա Տորեսին:

«Ցանկանում եմ գոլս վիրել իմ անձնական աճի ու զարգացման մարզիչ Սյուզանա Տորեսին: Իմ գոլը մեր տրամադրվածության արդյունքն էր: Մենք այս տիտղոսը նվաճեցինք բոլոր պորտուգալացիների եւ Ռոնալդուի համար: Նրա վնասվածքը ցավոտ հարված էր մեզ համար: Հենց սկզբից սպասում էի իմ պահին: Շատ ուրախ եմ մեր նվաճման համար:

Ռոնալդուն ինձ ասաց, որ կարող եմ դառնալ հաղթական գոլի հեղինակ: Նույնն ասում էին նաեւ մյուսները: Նա ուժ ու էներգիա տվեց ինձ: Ես շատ եմ աշխատել, որպեսզի հասնեմ այս ամենին»,- ֆրանսիական «Լիլի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվողի խոսքը մեջբերում է France Football-ը:

Հիշեցնենք, որ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած եզրափակիչում փոխարինման դուրս եկած Էդերը պորտուգալացիների հաղթական գոլը խփեց 110-րդ րոպեին: Պաշտոնական խաղերում դա նրա առաջին գոլն էր ազգային թիմում: Պորտուգալիայի հավաքականը 25-րդ րոպեից խաղում էր առանց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, որը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել խաղը: Պորտուգալացիները Ֆրանսիային նախորդ անգամ հաղթել էին 41 տարի առաջ, իսկ Եվրոպայի չեմպիոն դարձան առաջին անգամ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.