18:06 8 հուլիսի, 2016NEWS.am Sport-ը ներկայացնում է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում մասնակցելու իրավունք ձեռք բերած Հայաստանի օլիմպիականներին: Օլիմպիական խաղերի մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին Ռիո դե Ժանեյրոյում:
Արթուր Դավթյան. սպորտային մարմնամարզություն, հենացատկ
Ծնվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին:
Ամուսնացած չէ:
Ֆինլանդիայում անցկացված օլիմպիական փառատոնի մրցաշարում (2009) բազմամարտում զբաղեցրել է 6-րդ տեղը, հենացատկերում՝ 7-րդ տեղ, զուգափայտերի մրցումներում՝ 6-րդ տեղ, օղակների վարժությունում՝ 9-րդ տեղ, Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող է հենացատկում (2010), նույն առաջնությունում նժույգի վարժությունում՝ բրոնզե մեդալակիր, Հայաստանի բազմակի չեմպիոն, 2015թ. աշխարհի գավաթի խաղարկությունում գրավել է 4-րդ տեղ, 2016թ. Եվրոպայի փոխչեմպիոն է:
Ռիո-2016-ի ուղեգիրը նվաճել է օլիմպիական փորձամրցման ժամանակ, որին մասնակցելու իրավունք էր ձեռք բերել 2015թ. աշխարհի առաջնությունում:
Անձնական մարզիչն է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Ամեն ինչ սկսվեց...
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ փոքր տարիքում շատ չար էի ու ճարպիկ: Ծնողներս որոշեցին, որ պետք է ճարպկությունս ու չարաճճիություններս մարզադահլիճում սպառեմ: Ընտրեցին հենց մարմնամարզությունը, որովհետեւ տանը մարմնամարզության բնորոշ տարրեր շատ էի անում: Ալբերտ Ազարյանի մարզադպրոցում Հակոբ Սերոբյանի մոտ մի քանի տարի մարզվելուց հետո ընտանիքով տեղափոխվեցինք Ռուսաստան, որտեղ շարունակում էի մարզվել: Երբ վերադարձանք հայրենիք, արդեն իմ ցանկությամբ վերականգնեցի մարզումներս ընկեր Հակոբի մոտ: Արդեն սիրել էի այս մարզաձեւը եւ ցանկանում էի անպայման շարունակել:
Որքանով ինձ հիշում եմ, առաջին տարիները չուզենալով էի գալիս, ինձ դուրս չէր գալիս, որ իմ կամքին հակառակ ծնողներս բերում էին մարզումների: Բայց երբ տեղափոխվեցինք Ռուսաստան ու այնտեղ շարունակեցի մարզվել, քիչ-քիչ հասկացա, որ սիրում եմ այս մարզաձեւը ու ուզում եմ Հայաստանում շարունակել մարզվել: Այս մարզաձեւը ուղղակի հնարավոր չէ չսիրել, երբ մանկուց զբաղվում ես որեւէ սպորտով, այն անկախ քո կամքից, դառնում է քո կենսակերպը, ամեն օր ուզում ես մտնել մարզադահլիճ եւ մարզվել: Իսկ երբ արդեն հաջողություններ ես ունենում, հաղթանակներ, արդեն կտրվել հնարավոր չի լինում: Նույնը եւ ինձ մոտ է, թմրանյութի պես մի բան է դարձել մարմնամարզությունն ինձ համար:
Ռիո-2016-ի ուղեգիրը նվաճեցի...
Ռիո-2016-ի ուղեգիրն այդքան էլ հեշտ չտրվեց ինձ: Մյուս մարզաձեւերի պես չէր, որ մի քանի վարկանիշային մրցաշարեր լինեն եւ դրանցից մեկում նվաճես ուղեգիր: Առհասարակ մեր մարզաձեւում միայն օլիմպիական մրցաշրջանի վերջին աշխարհի առաջնության 1-3-րդ տեղերն են ուղեգիր տալիս: Մենք ուղեգիր նվաճելու հնարավորություն ունեինք միայն 2015 թվականին Գլազգոյում կայացած աշխարհի առաջնությունում: Մրցումից առաջ ես առողջական խնդիրներ ունեի եւ տեւական ժամանակ չէի կարողանում մարզվել: Գլազգո մեկնեցի գրեթե առանց մարզվելու եւ լիարժեք մարզավիճակում: Գնում էի փորձության՝ ինչ կլինի: Այդ շրջանում ուժեղ գլխապտույտներ ունեի եւ չէի կարողանում իմ տարրերը լիարժեք կատարել: Բայց մրցելույթից առաջ ինձ լիարժեք տրամադրեցի եւ մասնակցեցի. անգամ չէի կարող բաց թողնել, քանի որ ուղեգիր նվաճելու իմ միակ հնարավորությունն էր: Ինչպես եւ սպասվում էր, այդքան էլ հաջող հանդես չեկա, մեդալ չնվաճեցի, բայց օլիմպիական փորձամրցմանը մասնակցելու իրավունք ձեռք բերեցի, որը կայանալու էր 2016-ի ապրիլին, Ռիոյում: Արդեն փորձամրցմանը հաջող հանդես եկա եւ բաղձալի ուղեգիրը հասավ ինձ:
Ես գնում եմ Ռիո...
Ռիո-2016-ն իմ երկրորդ Օլիմպիական խաղերն է, մասնակցել են նաեւ Լոնդոն-2012-ին: Կարծես՝ պետք է ավելի հանգիստ լինեմ, արդեն մեկ անգամ ապրել եմ այդ ամենը, զգացել եմ՝ ինչ է Օլիմպիական խաղերին մասնակցելը, բայց միեւնույն է. լարվածություն կա Խաղերից առաջ: Օլիմպիական խաղերը շատ լուրջ ու պատասխանատու մրցում է, յուրաքանչյուր մարզիկի կյանքի ամենակարեւոր մրցումն է: Սխալվելու ու վրիպելու իրավունք չունես, քանի որ գուցե այլեւս Խաղերին մասնակցելու հնարավորություն չունենաս: Լավ է, որ մեկ անգամ արդեն տեսել եւ ապրել եմ Օլիմպիական խաղերով: Դա ինձ կօգնի, որ մի կողմ դնեմ լարվածությունս ու կենտրոնանամ իմ ցատկի վրա: Մարզիչս եւ ես ամեն ինչ անում ենք, որ լավ հանդես գանք Խաղերում, անենք այն, ինչ կարողանում ենք անել: Եթե Լոնդոնի Օլիմպիական խաղերում ամեն ինչ նոր էր, ես՝ երիտասարդ, Ռիոյում ամեն ինչ ավելի հաստատուն, վստահ ու արդեն որպես փորձ ունեցող օլիմպիական դուրս կգամ մրցահարթակ:
Գնում եմ Ռիո, երազանքիս հետեւից: Երազանքս օլիմպիական չեմպիոն դառնալն է, ինչպես Խաղերին մասնակցող յուրաքանչյուրինը:
Սպասումներ, հույսեր...
Առանց սպորտային բախտի հաջողությունը քեզ չի ժպտա: Սպորտային բախտ պետք է ունենամ, որ հույսերս արդարացվեն: Դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի օլիմպիական մրցահարթակում, ինչպես հանդես կգամ, ինչ արդյունք ցույց կտամ: Այնտեղ բոլորն էլ պայքարելու են հաղթողի կոչմանն արժանանալու համար, ես նույնպես: Հույսերս մեծ են. բայց չեմ խոստանում, որ ոսկե մեդալ կնվաճեմ: Ինձ համար այս պահին մեդալի գույնը նշանակություն չունի, ոսկի լինի, արծաթ, թե բրոնզ, հույս ունեմ, ու շատ եմ ուզում հավատալ, որ մեդալով կվերադառնամ հայրենիք: Ինձ համար օլիմպիական մեդալն արդեն հաղթանակ կլինի Հայաստանի պայմաններում մարզվելուց հետո: Ինձ թվում է լավ կլինի, եթե ես լիարժեք անեմ այն, ինչ կարողանում եմ:
Անձնական մարզիչ Հակոբ Սերոբյան. (որպես մրցավար սպասարկելու է Ռիոյի Օլիմպիական խաղերը)
Արթուր Դավթյանը յուրահատուկ հնարավորությունների տեր մարզիկ է: Մեր համատեղ աշխատանքը շատ հետաքրքիր է ստացվում. դժվարություններ էլ են ունենում, լինում է՝ ինձ զայրացնում է, բայց ինձ համար հաճույք է՝ Արթուրի նման մարզիկի հետ աշխատելը: Որպես մարդ էլ՝ լավ մարդ է: Ինձ կողքից շատ են ասում, ես հպարտանում եմ: Պարզ մարդ է, լավ ընկեր է, ապագայում ընտանիքի լավ հայր կլինի, վստահ եմ, որ լավ ընտանիք կպահի:
Ռիո-2016-ում Արթուրից սպասելիքները մեծ են. շատ մոտ է: Նա իր անելիքը լավ գիտի: Ոչինչ չի խնայում, որ բոլորիս սպասելիքները արդարացնի: Մենք չենք գնում Ռիո ուղղակի մասնակցության համար: Արդեն անցել են այդ ժամանակները: Գնում ենք մեդալի համար պայքարելու: Թե ինչ կլինի, Խաղերը ցույց կտան:
Լուսինե Շահբազյան
Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.