Հենրիխ Մխիթարյանը 8 միլիոն եվրո կստանա «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու համար

12:14   4 հուլիսի, 2016

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդից» 8 միլիոն եվրո հավելավճար կստանա Դորտմունդի «Բորուսիայից» անգլիական ակումբ տեղափոխվելու համար, հաղորդում է Bild-ը:

Աղբյուրը գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» 27-ամյա ֆուտբոլիստը ստանալու է տարեկան 12.5 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ նրա տրանսֆերը կազմելու է 42 միլիոն եվրո: Ընդհանուր առմամբ, Անգլիայի 20-ակի չեմպիոնը 100 միլիոն եվրո կծախսի այս գործարքի համար: Դորտմունդի «Բորուսիան» արդեն հաստատել է Մխիթարյանի տեղափոխությունը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ լռում է: 

Հիշեցնենք, որ Մխիթարյանը 2013-ին Դոնեցկի «Շախտյորից» էր տեղափոխվել «Բորուսիա», որը 27.5 միլիոն եվրո էր վճարել նրան ձեռք բերելու համար: Գերմանական ակումբի հետ 27-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը: «Բորուսիայի» կազմում նա մասնակցել է 140 հանդիպման եւ դարձել 41 գոլի եւ 49 գոլային փոխանցման հեղինակ:

Ավարտված մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 52 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում եւ դարձել է 23 գոլի եւ 29 գոլային փոխանցման հեղինակ: Նա խաղադաշտում անցկացրել է 4383 րոպե:

Մխիթարյանը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի երրորդ տրանսֆերն անգլիական ակումբում: Ավելի վաղ մանչեսթերցիներին միացել էին ֆրանսիական ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ու իսպանական «Վիլյառեալի» կոտդիվուարցի պաշտպան Էրիկ Բեյին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.