Ռոբերտ Էմմիյան. Աշխարհում ամենաբարձր խաչի մոտ աղոթեցի մեր մարզիկների հաջողության համար (ֆոտո)

20:16   27 հունիսի, 2016

Ռումինիայում անցկացված Բալկանյան խաղերի աթլետիկայի մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ Լեւոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել եռացատկում։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռումինիայից հայտնել է հեռացատկի Եվրոպայի, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:

«Լեւոն Աղասյանը շարունակում է հաջող ելույթները։ Բալկանյան երկրների մրցաշարում Լեւոն Աղասյանը 16,49 մ արդյունք ցույց տվեց եռացատկում եւ գրավեց առաջին տեղը։ Քանի որ մեր մարզիկն էր առաջին տեղը զբաղեցրել, պարգեւատրումը ինձ վստահվեց։ Լեւոն Աղասյանը շատ լավ հանդես եկավ այս մրցաշարում։ Մասնակցում էր 17 երկիր, եւ մեր աթլետը ամենաբարձր արդյունքը ցույց տվեց։ Ուրախ եմ նշել, որ Լեւոնը բարելավում է իր արդյունքները»,- ասաց Ռոբերտ Էմմիյանը։

Մրցաշարին մասնակցել է նաեւ վազորդ Երվանդ Մկրտչյանը, որը 1500 մետր մրցատարածությունում սահմանել է Հայաստանի ռեկորդ՝ 3 րոպե 50 վայրկյան: 3000 մետր վազքում Երվանդ Մկրտչյանը գրավել է երկրորդ տեղը:

Ռոբերտ Էմմիյանը պատմել է նաեւ Ռումինիայում իր ուխտագնացության եւ աղոթելու մասին:

«Ռումինիայում կա մի վայր, որտեղ կառուցված է աշխարհում ամենաբարձր խաչը, եւ այն իր մեծությամբ գրանցված է Գինեսի գրքում։ Նախքան մրցումները, ես կազմակերպիչների, մասնակից երկրների ֆեդերացիաների նախագահների հետ խնդրեցի ուղղաթիռով մեզ տանեն այդ խաչի մոտ։ Ինձ համար հատկանշանական էր այդ խաչի մոտ աղոթել մեր մարզիկների հաջողությունների, Օլիմպիական խաղերում հաջող մրցելույթների համար, մասնավորապես այս օրերին, երբ Հռոմի պապը Հայաստանում էր։ Հավատում եմ, որ հաջողությունը կլինի մեր մարզիկների հետ նաեւ Օլիմպիական խաղերում»,- նշեց Ռոբերտ Էմմիյանը։

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.