Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին (ֆոտո)

09:33   27 հունիսի, 2016

Այսքանով Արգենտինայի հավաքականում մրցելույթներն ավարտվեցին ինձ համար, հայտարարել է Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին: ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով Չիլիին պարտվելուց հետո «Բարսելոնայի» հարձակվողը հայտարարել է ազգային թիմից հեռանալու մասին:

«Սա շատ բարդ պահ է վերլուծության համար: Առաջինը գլխումս հավաքականում կարիերաս ավարտելու միտքն է: Արգենտինայի հավաքականում մրցելույթներն ավարտվեցին ինձ համար: Դա օգտակար կլինի բոլորի համար, եւ շատերն են ցանկանում դա: Նրանք չեն բավարարվում եզրափակիչի մասնակցությամբ, մենք՝ նույնպես: Ցավոք, մենք դարձյալ չհաղթեցինք: Կարծում եմ՝ արդեն բավական է: Մեծ ցավ եմ ապրում»,- 29-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Ole-ն:

Հիշեցնենք, որ ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս անգամ չիլիացիներն Ամերիկայի Գավաթի եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեցին աշխարհի փոխչեմպիոնին: Մեսին եւս վրիպեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ: Արգենտինացիները պարտվեցին երրորդ եզրափակիչում անընդմեջ: 2014-ին նրանք աշխարհի առաջնության եզրափակիչում պարտվել էին Գերմանիային, իսկ նախորդ տարի՝ Չիլիում կայացած Ամերիկայի Գավաթի եզրափակիչում:

Լիոնել Մեսին Արգենտինայի հավաքականում խաղում է 2005-ից եւ անցկացրել է 113 հանդիպում: Վերջերս նա գերազանցեց Գաբրիել Բատիստուտայի ռեկորդը եւ 55 գոլով դարձավ Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն:

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.