13:47 23 հունիսի, 2016Ռիո-2016 Օլիմպիական խաղերի մասնակից երեք ազատ ոճային ըմբիշներ Գառնիկ Մնացականյանը, Գեորգի Կետոեւը եւ Լեւան Բերիանիձեն կմասնակցեն հունիսի 24-26-ը Վանաձորում կայանալիք Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Հովսեփ Հովսեփյանը, ում ղեկավարությամբ ազատ ոճայինները, այդ թվում՝ օլիմպիականները, ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքի վերջին մարզումներն են անցկացնում այս օրերին: Ազատ ոճայինների գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը զբաղված է Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի կազմակերպչական աշխատանքներով եւ հունիսի 24-ին ազատ ոճայիններին կդիմավորի Վանաձորում: Հունիսի 24-ին կկայանա ըմբիշների կշռման արարողությունը:
«Ծաղկաձորի հավաքը մեկնարկել էր հունիսի 10-ից, մասնակցում էին մեր բոլոր օլիմպիականները՝ Դավիթ Սաֆարյանը, Գեորգի Կետոեւը, Լեւան Բերիանիձեն եւ Գառնիկ Մնացականյանը: Նրանց հետ էին երեք վրացի ըմբիշներ հատուկ Գեւորգի Կետոեւի եւ Լեւան Բերիանիձեի համար. նրանց քաշային կարգերում քիչ ըմբիշներ ունենք սփարինգների համար, այդ պատճառով նպատակահարմար գտանք դրսից հրավիրել: 14-օրյա մարզումային փուլ անցան հավաքականի մյուս անդամների հետ: Երեք օլիմպիականների համար՝ Գառնիկ Մնացականյանի, Գեորգի Կետոեւի եւ Լեւան Բերիանիձեի համար այս հավաքը նաեւ Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարից առաջ նախապատրաստական փուլ էր: Մրցաշարը բաց կթողնի Դավիթ Սաֆարյանը, քանի որ այս տարվա ընթացքում նա արդեն հասցրել է մասնակցել 6 միջազգային մրցաշարի, այդ թվում եւ վարկանիշային: Նա այժմ իր ուժերը կենտրոնացրել է Օլիմպիական խաղերի նախապատրաստման վրա:
Մյուս օլիմպիականների համար այս մրցաշարում մասնակցությունը շատ կարեւոր է, քանի որ մասնավորապես Կետոեւը եւ Բերիանիձեն Օլիմպիական խաղերին պետք է մասնակցեն մրցաշարերին մասնակցելով: Կետոեւը մեծ փորձ ունեցող տիտղոսակիր ըմբիշ է, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Ռուսաստանի հավաքականի կազմում, մինչեւ Հայաստանի հավաքական ընդգրկվելը, երկու տարի դադարի մեջ է եղել եւ մրցաշարերի չի մասնակցել: Հայաստանի հավաքականի կազմում այդ տեւական դադարից հետո միայն մեկ անգամ է մասնակցել մրցաշարի՝ Մոնղոլիայի վարկանիշային մրցաշարն էր: Լեւան Բերիանիձեն վերջին մրցաշարը եղել է Լաս Վեգասի աշխարհի առաջնությունը, որտեղ էլ նա նվաճեց իր օլիմպիական ուղեգիրը: Գառնիկ Մնացականյանը մեծահասակների կազմում իր առաջին ու դեռեւս միակ մրցաշարը եղել է Մոնղոլիայի վարկանիշային մրցաշարը, որտեղ նա նվաճեց օլիմպիական ուղեգիր: Մեծահասակների կազմում Գառնիկը չի մասնակցել ոչ Եվրոպայի, ոչ աշխարհի առաջնությանը: Գառնիկ Մնացականյանի համար եւս շատ կարեւոր է Օլիմպիական խաղերից առաջ միջազգային մրցաշարի մասնակցելը»,- ասաց Հովսեփ Հովսեփյանը:
Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարից հետո ազատ ոճայինները կսկսեն նախաօլիմպիական մարզումային փուլը:
«Հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ արդեն որոշված է Օլիմպիական խաղերի նախապատրաստական մարզումային փուլը. կունենանք երկու մեծ հավաք Ռուսաստանի եւ Վրաստանի հավաքականների հետ: Հուլիսի 2-ից հավաք կանցկացնենք Ռուսաստանի թիմի հետ Կիսլովոդսկ քաղաքում մինչեւ հուլիսի 16-ը: Ի դեպ, Ռուսաստանի հավաքականի հետ համատեղ հավաք անցկացնելու հնարավորություն ոչ բոլոր ցանկացողներին է տրվում. Ռուսաստանի հավաքականն ուղղակի թույլ չի տալիս, որ իր թիմի հետ ամեն ցանկացող երկրի թիմ համատեղ մարզվի:
Հուլիսի 26-ից Վրաստանի թիմին կմիանանք, հավաք կանենք ու դրանից հետո կմեկնենք Ռիո»,- նշեց մարզիչը:
Արդեն հայտնի են նաեւ ազատ ոճայինների օլիմպիական մրցելույթների օրերը Ռիո-2016-ում:
«Օգոստոսի 19-ին կշռման արարողությունն է, 20-21-ին դուրս կգան մրցագորգ: Այս Օլիմպիական խաղերին մի տեսակ անհանգստությամբ եւ անհամբերությամբ եմ սպասում ու ամենակարեւորը՝ հույսով: Ես Լոնդոնի Օլիմպիական խաղերում կրկին հավաքականի երկրորդ մարզիչն էի: Այդ ժամանակ ամեն ինչ շատ արագ ու միանգամից կատարվեց, չհասցրեցինք հասկանալ ինչպես, ինչու: Դա իմ ու Արայիկ Բաղդադյանի առաջին օլիմպիական փորձն էր: Իսկ այս Խաղերում ամեն ինչ մի փոքր այլ է: 4 ուղեգիր ունենք, սա վատ չէ, բայց կարող էր 5-ը լինել. 5-րդը պետք է Գրիգոր Գրիգորյանը լիներ, բայց սայթաքեց: Գրիգորն արժանի էր այդ օլիմպիական ուղեգրին, ցավոք, բաց թողեց: Լոնդոնի Օլիմպիական խաղերին հույսով էինք գնացել, Դավիթ Սաֆարյանից սպասում էինք, որ մեդալ կվերցնի, բայց ամեն ինչ կայծակնային արագությամբ եղավ ու բաց թողեցինք:
Այս Խաղերին իսկապես, ես իմ անունից կխոսեմ, մեծ հույսով ենք գնում: Մեր 4 օլիմպիականներից յուրաքանչյուրն էլ վտանգավոր մրցակից են լինելու մրցագորգի վրա եւ 4-ն էլ կարող են հաղթել: Մեզ միայն մի քիչ սպորտային հաջողություն է անհրաժեշտ: Հավատում եմ, որ այս անգամ հաջողություն ենք ունենալու»,- նկատեց Հովսեփ Հովսեփյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.