Grand Chess Tour. Լեւոն Արոնյանը երրորդն է արագ խաղի մրցաշարից հետո (աղյուսակ)

14:40   19 հունիսի, 2016

Բելգիայի Լյովեն քաղաքում մեկնարկած Grand Chess Tour-ի երկրորդ փուլի արագ խաղի մրցաշարից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 10 միավորով (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր) երրորդ տեղում է:

Լեւոն Արոնյանը հաղթել է հոլանդացի Անիշ Գիրիին, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանային եւ Հիկարու Նակամուրային, ոչ ոքի խաղացել հնդիկ Վիշվանաթան Անանդի, ամերիկացի Ուեսլի Սոի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ, պարտվել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին եւ բուլղարացի Վեսելին Տոպալովին:

Մրցաշարի հաղթող է դարձել Մագնուս Կարլսենը, որը վաստակել է 12 միավոր: Երկրորդ տեղում Ուեսլի Սոն է՝ 11 միավոր:

Երկրորդ փուլի հաղթողը հայտնի կդառնա կայծակնային խաղի մրցաշարից հետո, որը կավարտվի հունիսի 20-ին:

Հիշեցնենք, որ Փարիզում անցկացված Grand Chess Tour շարքի առաջին փուլում Լեւոն Արոնյանը արագ եւ կայծակնային խաղի մրցաշարերի արդյունքում գրավել էր չորրորդ տեղը՝ 19 միավոր (9 միավոր՝ արագ խաղ, 10 միավոր՝ կայծակնային խաղ)։ Հաղթողի կոչումը նվաճել էր ամերիկացի Հիկարու Նակամուրան։ Մագնուս Կարլսենը գրավել էր երկրորդ տեղը։

Grand Chess Tour-ի հաջորդ մրցաշարերը կլինեն օգոստոսին ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում եւ դեկտեմբերին Լոնդոնում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.