Հայ մարմնամարզիկները պայքարից դուրս էին Ալբերտ Ազարյանի անվան միջազգային մրցաշարում (ֆոտոշարք)

15:50   18 հունիսի, 2016

Երեւանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցում կայացավ օլիմպիական չեմպիոնի անունը կրող գավաթի խաղարկությունը: Մրցմանը մասնակցում էին Հայաստանի, Իրանի եւ Սիրիայի մարմնամարզիկներ: Հայաստանի ներկայացուցիչները սիրիացի եւ իրանցի մարզիկներին մի շանս չտվեցին չեմպիոնական պայքարում:

Ազատ վարժություններում առաջատարը Եվրոպայի փոխչեմպիոն, օլիմպիական Արթուր Դավթյանն էր, իսկ նժույգի վարժությունում հավասարը չուներ Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական Հարություն Մերդինյանը: Օղակների վարժությունում 15,7 միավորով ոսկե մեդալակիր դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը, իսկ հենացատկի, զուգափայտի եւ պտտաձողի վարժություններում դարձյալ հաղթեց Արթուր Դաթյանը:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ամփոփեց գավաթի խաղարկությունը:

«Ալբերտ Ազարյանի անվան մրցաշարն անցկացվում է արդեն 10-րդ անգամ: Մրցաշարին մասնակցում էին մեր առաջատար մարզիկները, այդ թվում՝ օլիմպիականներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը: Հնարավորություն ենք տվել մրցաշարին մասնակցել նաեւ երիտասարդներին ու պատանիներին, որպեսզի նրանք ուժերը փորձեն մեծահասակների հետ: Սա մեզ համար եւս հնարավորություն է տեսնելու եւ հասկանալու, թե ինչ փոխարինող սերունդ ունենք, ինչ հնարավորություններ ունեն մեր երիտասարդներն ու պատանիները:

Ինչ վերաբերում է օլիմպիականներին, այս մրցաշարը նրանց համար հավասարազոր է գլխավոր փորձի, նրանք կոնկրետ այս մրցաշարի համար հատուկ չեն նախապատրաստվել: Այս պահին մեր մարզիկները հանգստանում են: Եվրոպայի առաջնությունից հետո նրանց ուղղակի անհրաժեշտ էր տեւական հանգիստ՝ ծանրաբեռնված մարզումներից  ու մրցումներից հետո: Հաջորդ շաբաթվանից կմեկնարկի  Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլը՝ հատուկ ու ծանրաբեռնված ծրագրով:

Մեր առաջատար մարզիկները չէին կարող բաց թողնել Ալբերտ Ազարյանի անվան մրցաշարը: Գեղեցիկ չէր լինի, որ Օլիմպիական խաղերի պատճառով մեր եռակի օլիմպիական չեմպիոնի անվան մրցաշարին Հայաստանի ուժեղագույն մարմնամարզիկները չմասնակցեին»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Էմմա Ասատրյանի 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։