«Մանչեսթեր Յունայթեդը» տարեկան 10 միլիոն աշխատավարձ է առաջարկում Հենրիխ Մխիթարյանին

11:02   16 հունիսի, 2016

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու փորձերը:

Bild-ի համաձայն՝ Անգլիայի 20-ակի չեմպիոնը տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել Հայաստանի հավաքականի ավագին: Մխիթարյանի տրանսֆերով շահագրգռված է «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որը կարծում է, որ հայ ֆուտբոլիստը շատ օգտակար կլինի իր թիմին: Միեւնույն ժամանակ, գերմանական ակումբը մտադիր է Մխիթարյանին պահել մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը, երբ նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ: Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 24 միլիոն եվրո վճարել Հենրիխին ձեռք բերելու համար:

Mirror-ն էլ գրում է, որ դորտմունդցիները հրաժարվել են 19 միլիոն ֆունտ ստերլինգով Մխիթարյանին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»:

Ավելի վաղ «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն հայտնել էր, որ կողմերը չեն կարողացել փոխհամաձայնության գալ նոր պայմանագիր կնքելու հարցում: Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան էլ նշել էր, որ 27-ամյա կիսապաշտպանը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Բորուսիայի» հետ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը: Գերմանիայի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 31 խաղի եւ դարձել 11 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։