Փաշիկ Ալավերդյան. Հայաստանի թիմին ոչ մի որակազրկում չի սպառնում

21:12   7 հունիսի, 2016

Տիգրան Մարտիրոսյանին չի կարող որակազրկում սպառնալ եւ առհասարակ մեր թիմից ոչ մի մարզիկ չի լինի պաշտոնապես հրապարակված որակազրկվածների ցուցակում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը։

Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերից առաջ մեծ թափ է հավաքում դոպինգային սկանդալը։ Ռիո-2016-ի չորս ուղեգիր նվաճած ծանրամարտի Ադրբեջանի հավաքականին արդեն սպառնում է որակազրկում դոպինգի համակարգային կիրառման համար։ Կան նաեւ որակազրկված ռուսաստանցի ծանրորդներ:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան սպասում է ՄՕԿ-ի եւ միջազգային ֆեդերացիայի պաշտոնական հայտարարությանը, ըստ որի՝ հայտնի կլինի, թե ովքեր չեն անցել ՄՕԿ-ի նախաձեռնած դոպինգ նմուշների վերստուգումը: 

Պարոն Ալավերդյան, հայտարարվեց Ադրբեջանի հավաքականի ծանրորդների որակազրկման մասին։ Հայաստանի թիմին չե՞ն սպառնում որակազրկումներ։

Ես պաշտոնապես որեւէ հայտարարություն կամ ինֆորմացիա չեմ ստացել միջազգային ֆեդերացիայից։ Դա կլինի միայն հունիսի 20-ից հետո։ Այդ ժամանակ նոր պաշտոնական տեղեկությունը կունենանք, թե որ երկրից քանի ծանրորդ է որակազրկվել։ Մեր թիմին որեւէ որակազրկում չի սպառնում եւ չի կարող լինել, քանի որ դրանք 2008 թվականից վերստուգումներ են։

Հայաստանն ունի 7 ուղեգիր․ 5-ը՝ տղամարդկանց, 2-ը՝ կանանց։ Ե՞րբ հայտնի կլինեն օլիմպիականների անունները։

Թե քանիսը կլինեն մեր ուղեգրերը, ովքեր կլինեն Հայաստանի օլիմպիական թիմում, վերջնական պարզ կլինի հունիսի 20-ից հետո միայն, երբ միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հայտարարի դոպինգի համակարգային կիրառման համար որակազրկված երկրների ծանրորդների անունները եւ յուրաքանչյուր երկրին բաժին հասած ուղեգրերի վերջնական քանակը։

Հնարավո՞ր է՝ ուղեգրերի քանակն ավելանա։

Այո, շատ հավանական է, որ մեր ուղեգրերի քանակն ավելանա, ամեն ինչ պարզ կլինի միայն աշխարհի առաջնության թիմային հաշվարկում Հայաստանի վերջնականը տեղն իմանալուց հետո։ Այժմ մենք 8-րդ տեղում ենք, իսկ դա 5 ուղեգիր է տալիս։

Ի՞նչ մարզումային փուլում են այժմ ծանրորդները։

Մենք զբաղվում ենք Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլով։ Ավարտեցինք մեր առաջին նախաօլիմպիական հավաքը՝ տղաների հավաքականը Աբովյան քաղաքի մարզաբազայում, աղջիկները՝ Ծաղկաձորում։ Այս գիշեր մեկնում ենք Ղրիմի Ֆեոդոսիա քաղաք, որտեղ կանցկացնենք մեր հերթական հավաքը մինչեւ հունիսի 27-ը։ Ֆեոդոսիա մեկնում ենք օլիմպիական թիմով՝ մեզ հետ կլինեն նաեւ երկու պահեստայիններ տղաների թիմում եւ մեկը՝ կանանց թիմում։

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։