19:20 18 մայիսի, 2016Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է ռուս ծանրորդ, աշխարհի չեմպիոն Ալեքսեյ Լյովչեւի որակազրկման արդյունքում Հայաստանի հավաքականի ուղեգրերի քանակն ավելանալու հավանականության հարցը:
Հիշեցնենք, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) հակադոպինգային կանոնակարգը խախտելու համար 4 տարով որակազրկել է ռուսաստանցի Ալեքսեյ Լովչեւին: Ռուս ծանրորդը դոպինգ էր օգտագործել 2015-ի նոյեմբերին ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում, որում աշխարհի 2 ռեկորդ էր սահմանել գերծանրքաշային կարգում եւ նվաճել չեմպիոնի տիտղոսը։ Լովչեւը որակազրկման որոշումն արդեն բողոքարկել է Լոզանի Մարզական վճռաբեկ դատարանում (CAS)։ Եթե CAS-ը չբավարարի ռուս ծանրորդի բողոքը եւ զրկի նրան ոսկե մեդալներից, ապա աշխարհի 2015թ. առաջնության երկամարտի բրոնզե մեդալը բաժին կհասնի Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Մինասյանին, որը Հյուսթոնում գրավել էր չորրորդ տեղը։
«Շատ ուրախ եմ, որ աշխարհի առաջնության երրորդ տեղի մեդալը մեզ հասնի: Բայց դա դեռ չի նշանակում, որ աշխարհի առաջնության բրոնզե մեդալով մեր ուղեգրերի քանակն ավելանում է: Մի ծանրորդի որակազրկումով ուղեգիր չենք ստանա: Մենք այժմ ունենք 5 ուղեգիր: Դեռ չեմ կարող ասել՝ կավելանա մեր ուղեգրերի քանակը, թե ոչ: Եթե եւս մի քանի ծանրորդներ որակազրկվեն. պարզ լինի, թե որ երկրների թիմերից քանի ներկայացուցիչ է որակազրկվում, եւ թիմային հաշվարկում մենք որ տեղում ենք հայտնվում։ Գուցե, մեկ ուղեգրով մեր օլիմպիական ուղեգրերի քանակն ավելանա: Դա պարզ կլինի հունիսի 1-ից հետո միայն: Այժմ մենք աշխարհի առաջնության թիմային հաշվարկում 8-րդ տեղում ենք, պետք է 6-րդ տեղում լինենք, որ ավելանա ուղեգրերի քանակը», - ասել է Փաշիկ Ալավերդյանը:
Նշենք, որ մայիսի 18-ից Աբովյան քաղաքի մարզաբազայում մեկնարկել է տղամարդկանց Հայաստանի հավաքականի նախաօլիմպիական ուսումնամարզական հավաքը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.