Շենգավիթում Ռաֆայել Վահանյանի գլխավորությամբ բացվեց շախմատի դպրոց (ֆոտոշարք)

12:32   17 մայիսի, 2016

Երեւանի Շենգավիթ համայնքում բացվեց շախմատի մանկապատանեկան մարզադպրոցը։ Տնօրենը գրոսմայստեր, ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն Ռաֆայել Վահանյանն է։

«Այս դպրոցը նախկինում եղել է միջնակարգ դպրոցը, որը տարիների ընթացքում փլուզվեց, այստեղ այլեւս անհնար էր շարունակել դասընթացները եւ տարիներ առաջ որոշում կայացվեց նոր շունչ տալ այս դպրոցին՝ վերակառուցելով որպես շախմատի դպրոց։ Շենգավիթ համայնքը չուներ շախմատի դպրոց կամ համապատասխան ուսումնական վայր, որտեղ շախմատ սիրող երեխաները կկարողանային սովորել, իրենց գիտելիքները ավելացնել։ Շատ կարճ ժամանակահատվածում դպրոցի մի հատվածը վերածվեց չքնաղ շախմատի դպրոցի։ Ամեն պայման եւ հարմարություն ստեղծված է երեխաների համար, ունենք 10-ից ավել լսարաններ, անհատական մարզումների համար նախատեսված սենյակներ։ Այս համայնքում շախմատի դպրոցը բացել հրաշալի գաղափար է, Երեւանի քաղաքապետարանի որոշումն է։ Երեւանի բոլոր համայնքներում կան շախմատի մարզադպրոցներ։ Աշխարհի որեւէ երկրում շախմատային այսպիսի քաղաք չկա։

Շատ կարճ ժամանակ է աշխատում ենք, բայց մարզիչներն ասում են, որ արդեն իրենց տաղանդով աչքի են ընկնում 5, 6, 7 տարեկան երեխաներ։ Եթե ճիշտ ուղու վրա դնենք նրանց եւ ժամանակին հայտնաբերենք նրանց տաղանդը, աշխարհահռչակ շախմատիստներ կունենանք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռաֆայել Վահանյանը։

Դպրոցի պաշտոնական բացումը եղել է մայիսի 17-ին, սակայն մարզումներն արդեն սկսված են եւ շատ կարճ ժամանակում 250 աշակերտ է ընդգրկվել։ Սպասվում է, որ մինչեւ սեպտեմբեր երեխաների թիվը կհասնի 400-ի։ Դպրոցն առայժմ ունի 8 մարզիչ, բայց ժամանակի ընթացքում նրան թիցը եւս կավելանա։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Էմմա Ասատրյանի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։