17:50 6 մայիսի, 2016Շատ կուզեի, որ Հայաստանում էլ անցկացվեին բարձրակարգ ավտոարշավներ, իսկապես շատ հետաքրքիր կլիներ: Մեծ հպարտություն է, որ ներկայացնում եմ Հայաստանը, միայն ափսոսում եմ, որ հովանավորներ եւ ֆինանսավորողներ չկան, որ մեր երկրում էլ նման մեծ ավտոարշավներ անցկացվեն:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց B կատեգորիայի միջազգային արտոնագիր ունեցող, Հայաստանը ներկայացնող մոսկվայաբնակ ավտոարշավորդ Արթուր Գորոյանը, ով օրերս Գերմանիայում կայացած VLN օղակաձեւ մրցարշավների գերմանական ազգային առաջնության 2016-մրցաշրջանի երկրորդ մրցափուլի՝ DMV 4-Stunden-Rennen 4-ժամյա ավտոարշավում զբաղեցրել է երկրորդ տեղը:
Ավտոարշավը կայացել է գերմանական «Նյուրբուրգռինգ» մրցուղում։ Հայաստանը ներկայացնող ավտոարշավորդը մասնակցել է Audi-ի գործարանային թիմի կազմում SP3T դասում: Նշենք, որ ավտոարշավի հիմնական փուլից առաջ կայացել է որակավորման փուլը, որտեղ ARM 001 արտոնագրով հանդես եկող Արթուր Գորոյանը իր Audi TT-ն 3-րդ տեղն է գրավել:

«Շատ բարդ մրցապայքար էր, մրցուղին բավական բարդ էր կառուցված: «Նյուրբուրգռինգ» մրցուղին շատ հայտնի է, այստեղ մինչեւ 2013 թվականը անցկացվել են F1-ի մրցարշավներ: Մասնակցեցինք Audi-ի ավտոմեքենաներով:
Առաջին կես ժամը շատ բարդ հաղթահարեցինք: Թվում էր, թե այլեւս ոչինչ հետ բերել հնարավոր չէ, դուրս էինք մնացել պայքարից մեքենաների խցանումից: Բոլորից հետ էինք ընկել: Մրցուղի դուրս եկանք 9-րդը, սակայն հետագա 3 ու կես ժամվա ընթացքում բոլորին շրջանցեցինք եւ 2-րդը հասանք մրցուղու վերջը: Սա իսկապես մեծ հաղթանակ էր, մեր թիմի մարզիչ՝ Սերգեյ Բալդինի աշխատանքի արդյունքը: Ամեն ինչ հրաշալի էր, միայն ափսոս, չկարողացանք առաջին տեղը զբաղեցնել:


Մեկ շաբաթից կրկին կմեկնեմ Գերմանիա: Նույն մրցուղում կայանալու է ADAC ACAS H&R-Cup-ի VLN-ի երրորդ փուլը: Այս մրցարշավին կմասնակցեմ կրկին Audi TT մեքենայով այս անգամ՝ LMS Engeneering Team-ի կազմում :
Իսկ մայիսի 26-29-ը նույն այս մրցուղում կմասնակցեմ ADAC Zurich 24h Rennen մրցարշավին՝ «Նյուրբուրգռինգի» 24-ժամյա ավտոարշավին: Այս անգամ առաջին տեղը զբաղեցնելու նպատակ ունենք եւ հույս ունենք, որ կկարողանանք առաջին տեղում լինել»,- ասաց Արթուր Գորոյանը:
Ավտոարշավորդը ծնունդով Ջավախքից է, մինչեւ 9 տարեկան ապրել է Ջավախքում, ապա ընտանիքով տեղափոխվել Կրասնոդար՝ Արմավիր քաղաք, իսկ այնտեղից՝ Մոսկվա, հիմնական բնակության:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.