12:35 6 մայիսի, 2016Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Ռոման Ամոյանը չկարողացավ նվաճել Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկած վարկանիշային վերջին մրցաշարում Ռոման Ամոյանը 59 կգ քաշային կարգում պայքարը սկսեց որակավորման փուլից եւ պարտվեց թուրք Ռահման Բիլիչին (4:4): Ստամբուլի մրցաշարում օլիմպիական ուղեգիր են նվաճում միայն եզրափակիչի մասնակիցները: Եթե թուրք ըմբիշը հասնի եզրափակիչ, Ամոյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:
Ռոման Ամոյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր հունահռոմեականների պայքարում: Այսպիսով, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը բավարարվեց օլիմպիական 4 ուղեգրերով, որոնք նվաճել են Միհրան Հարությունյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ):
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Ստամբուլում հանդես են գալու Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) եւ Մուսա Մուրթազալիեւը (86 կգ), որոնք մրցագորգ դուրս կգան մայիսի 8-ին: Ազատ ոճի թիմից ավելի վաղ ուղեգիր ապահովել էին Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.