Հայ ծանրորդներին դիմավորեցին մեծ շուքով

09:20   18 ապրիլի, 2016

Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում հաղթած ծանրամարտի կանանց եւ տղամարդկանց Հայաստանի հավաքականներն այս գիշեր Նորվեգիայից վերադարձան Հայաստան, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Զվարթնոց» օդանավակայանում չեմպիոններ մեծ շուքով դիմավորելը դարձել է ավանդույթ: «Զվարթնոցի» vip սրահի սպասասրահում ազատ տեղ չկար: Ծանրորդներին դիմավորելու էին եկել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը, մարզիկների ծնողները, բարեկամները, ընկերները եւ երկրպագուներ: Հայաստանի թիմերի վայրէջքից ժամեր առաջ օդանավակայանի սպասասրահն արդեն մարդաշատ էր: Երկրպագուները դրոշներով, ծաղկեփնջերով, չեմպիոնների նկարներով սպասում էին մարզիկներին:

Չեմպիոններին դափնեպսակները հանձնեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, մյուս մեդալակիներին, այդ թվում՝ Եվրոպայի փոխչեմպիոններին՝ սպորտի նախարարը: Դիմավորողներից ամենակրտսերը Նազիկ Ավդալյանի որդին էր՝ 2,5-ամյա Վաչեն: Երբ ժամանեցին չեմպիոնները, երկրպագուներն ուղղակի ճանապարհ չէին տալիս Նազիկ Ավդալյանին մոտենալ որդուն, գրկել. բոլորը ցանկանում էին անձամբ շնորհավորել, գրկախառնվել եւ լուսանկարվել Եվրոպայի կրկնակի չեմպիոնի հետ: Օդանավակայանում հավաքված հոծ բազմությունը ցնծության մեջ էր: Եվրոպայի չեմպիոնները չեմպիոններին վայել դիմավորման արժանացան: Ծանրորդները երկար ժամանակ չէին կարողանում լքել օդանավակայանը, քանի որ հավաքվածներից յուրաքանչյուրը ցանկանում էր լուսանկարվել եւ ինքնագիր ստանալ մարզիկներից:

Հիշեցնենք, որ ծանրամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության մեդալային ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց առաջին տեղը՝ նվաճելով 8 ոսկե, 7 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ: Նորվեգիայում Հայաստանի հավաքականից Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էին նաեւ Անդրանիկ Կարապետյանն (77 կգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ), իսկ Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ) եւ գերծանր քաշային Գոռ Մինասյանը դարձան փոխչեմպիոն, 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանն (105 կգ) էլ արժանացավ բրոնզե մեդալի: 

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.