Արթուր Աբրահամը զրկվեց չեմպիոնական տիտղոսից (ֆոտո)

07:11   10 ապրիլի, 2016

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը  մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսի հետ մենամարտում պարտվեց միավորներով եւ զրկվեց տիտղոսից: Մենամարտը Լաս Վեգասում էր:

WBO վարկանիշային աղյուսակի առաջին համար Ռամիրեսը միավորներով հաղթեց առաջին հինգ ռաունդներում, Աբրահամն ուժեղ էր 6-րդ ռաունդում, հաջորդ երեք ռաունդներում դարձյալ հաղթանակ տարավ մեքսիկացի հավակնորդը, 10-րդ ռաունդում առավելությունը Աբրահամի կողմն էր: Նախավերջին ռաունդում դարձյալ հաղթեց Ռամիրեսը եւ վերջին ռաունդում Աբրահամի միակ խնդիրը նոկաուտով մրցակցին տապալելն էր, սակայն ավելի երիտասարդ մրցակիցը կարողացավ դիմանալ վճռական ռաունդում եւս եւ խլեց չեմպիոնական տիտղոսը՝ 120:108, 120:108, 120:108:

Երկու բռնցքամարտիկների քաշն էլ 76.2 կգ էր:

Աբրահամը պարտություն չէր կրել 2013թ. մարտի 23-ից, երբ տիտղոսը տանուլ տվեց գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին: Դրանից հետո հայ բռնցքամարտը տարել էր ութ անընդմեջ հաղթանակ, այդ թվում երկուական անգամ Շտիգլիցի եւ անգլիացի Փոլ Սմիթի նկատմամբ: 

24-ամյա Խիլբերտո Ռամիրեսը դեռ պարտություն չի ունեցել պրոֆեսիոնալ ռինգում (34 հաղթանակ): 36-ամյա Աբրահամը նախորդ անգամ ԱՄՆ-ում մենամարտել էր 2012-ի մայիսի 14-ին՝ Կալիֆորնիայում պարտվելով ամերիկացի Անդրե Ուորդին: Հայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել էր 2015-ի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր անգլիացի Մարտին Մարեյին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.