Ստանիսլավ Դրագուն. Կցանկանայի, որ ինձ էլ հրաժեշտ տային այնպես, ինչպես Ռոման Բերեզովսկուն

13:14   29 մարտի, 2016

Բելառուսի հավաքականի ու Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Ստանիսլավ Դրագունը մարտի 25-ին կայացած Հայաստանի դեմ ընկերական խաղից հետո անդրադարձել է Ռոման Բերեզովսկուն, որն այդ օրն անցկացրեց կարիերայի վերջին հանդիպումը:

«Հետաքրքիր պահ ստացվեց: Խաղից առաջ Ռոման Բերեզովսկու հետ զրուցեցինք «Դինամոյում»: Նա ասաց, որ հանդիպման վերջնամասում խաղալու է 10 րոպե, բայց դաշտ դուրս եկավ սկզբնամասում: Կարծում եմ՝ հաճելի է, երբ ստադիոնը հոտնկայս ճանապարհում է քեզ, իսկ ֆեդերացիան լավ նվերներ է տալիս: Խաղից հետո երկրպագուները նրան տանում էին ձեռքերի վրա: Վատ չէր լինի, եթե հետագայում ինձ էլ այդպես ճանապարհեին հավաքականից: Սակայն հուսով եմ, որ դեռ մոտ չեմ կարիերաս ավարտելուն: Կցանկանայի նման բան տեսնել, երբ հավաքականը հրաժեշտ տար, օրինակ, Սաշա Կուլչիին: Սակայն նրան հրաժեշտ տալը շատ քիչ էր նման Բերեզովսկու մեծարմանը»,- Դրագունի խոսքը մեջբերում է «Прессбол»-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահի հրաժեշտի խաղը կայացել էր Երեւանում եւ ավարտվել 0:0 հաշվով: Ռոման Բերեզովսկին Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել է Պորտուգալիայի դեմ 1996 թվականի օգոստոսի 31-ին կայացած խաղում: Նա Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 94 հանդիպում եւ այդ ցուցանիշով նա զիջում է միայն Սարգիս Հովսեփյանին (132 խաղ): Բերեզովսկին 19 տարի պաշտպանել է ազգային թիմի դարպասը՝ դառնալով հայ երկրպագուների ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.