Հայաստանի հավաքականը չհաղթեց Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղում (ֆոտո)

20:50   25 մարտի, 2016

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը տարին սկսեց ոչ ոքիով եւ չկարողացավ հաղթել 14-րդ խաղում անընդմեջ: Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղում ազգային թիմը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 64-րդ տեղը զբաղեցնող Բելառուսի հետ եւ բավարարվեց գոլազուրկ ոչ ոքիով՝ 0:0:

Ռոման Բերեզովսկին թիմին խաղադաշտ դուրս բերեց ավագի թեւկապով, իսկ 7-րդ րոպեին դաշտում իր տեղը զիջեց Երեւանի «Միկայի» դարպասապահ Արսեն Բեգլարյանին ու ամենաանկեղծ ծափահարությունների ներքո հեռացավ խաղադաշտից:

Հանդիպման մեկնարկում տեմպը բարձր չէր, իսկ խաղն անցնում էր հավասար պայքարում: Սկզբնամասում դաշտի տերերի գրոհներն ավելի վտանգավոր էին ստացվում, բայց գործն իրական գոլային պահերի չէր հասնում: Հաշիվը բացելուն մոտ էր Էդգար Մանուչարյանը, որը հանդես էր գալիս կենտրոնական հարձակվողի դիրքում: Խաղակեսի միջնամասում բելառուսները սկսել էին վերահսկել գնդակը եւ շատ ժամանակ էին անցկացնում տանտերերի կիսադաշտում: 33-րդ րոպեին հյուրերը կարող էին բացել հաշիվը, բայց Արսեն Բեգլարյանը թույլ չտվեց անել դա: 1 րոպե անց հիանալի հարվածային դիրքում հայտնվեց Հենրիխ Մխիթարյանը, որը Էդգար Մանուչարյանի արտակարգ փոխանցումից հետո չկարողացավ գրավել դարպասը: Խաղակեսի վերջնամասում խաղադաշտում գրեթե ոչինչ տեղի չէր ունենում եւ թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

Ընդմիջմանը Ռոման Բերեզովսկին ՀՖՖ-ից նվեր ստացավ «Տոյոտա Պրադո» մակնիշի մեքենա, իսկ Տարոն Մարգարյանը նրան պարգեւատրեց Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով՝ հայկական սպորտում մեծ ավանդ ունենալու համար: Դարպասապահը մեկ շրջան կատարեց ստադիոնի վազքուղիով եւ հրաժեշտ տվեց երկրպագուներին:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Վարազդատ Հարոյանը սեփական տուգանային հրապարակի մոտ կորցրեց գնդակը, բայց բելառուս հարձակվող Սերգեյ Կորնիլենկոն չօգտվեց այդ «նվերից»: 55-րդ րոպեին հաշիվը բացելուն շատ մոտ էր Արաս Օզբիլիսը, որի հարվածից հետո գնդակն ընթացավ փոքր շեղությամբ: Երկրորդ խաղակեսում թիմերն ավելի շատ էին գրոհում եւ գնդակը քիչ էր մնում կենտրոնում: 68-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Լվովի «Կարպատների» հարձակվող Գեղամ Կադիմյանը, որն ուկրաինական «Ստալի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանի պես նորամուտը նշեց Հայաստանի հավաքականում: 73-րդ րոպեին խաղի ամենաիրական գոլային պահերից մեկը կորցրեց Էդգար Մանուչարյանը, որը դարպասի մոտ անհաջող կասեցրեց գնդակը: Քիչ անց անկյունայինի խաղարկման անրդյունքում Մանուչարյանը կատարեց շատ վտանգավոր հարված, բայց բելառուսների դարպասապահը հրաշալի սեյվով փրկեց իր թիմին: Ազգային թիմում նորամուտը նշեց նաեւ «Գանձասար-Կապանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը դաշտ մտավ 80-րդ րոպեին եւ բավական ակտիվ էր ձախ եզրում:

Վերջին րոպեներն անցան լարված պայքարում եւ 2 թիմերն էլ ստեղծեցին մի քանի վտանգավոր պահեր: Վերջնամասում Հայաստանի թիմն ավելի ակտիվ էր, թեեւ չկարողացավ հաղթանակ կորզել եւ չորրորդ խաղում անընդմեջ դաշտից հեռացավ առանց խփած գոլի:

Ռոման Բերեզովսկին Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել է Պորտուգալիայի դեմ 1996 թվականի օգոստոսի 31-ին կայացած խաղում: 41-ամյա դարպասապահը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 93 հանդիպում: Այդ ցուցանիշով նա զիջում է միայն Սարգիս Հովսեփյանին (132 խաղ): Բերեզովսկին 19 տարի պաշտպանել է ազգային թիմի դարպասը՝ դառնալով հայ երկրպագուների ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նախորդ հաղթանակը տարել է 2014 թվականի մայիսի 27-ին՝ Բեռնար Շալանդի գլխավորությամբ ընկերական խաղում 4:3 հաշվով հաղթելով ԱՄԷ-ի հավաքականին:

Ընկերական խաղ, Երեւան

Հայաստան - Բելառուս՝ 0:0

Հայաստան. Ռոման Բերեզովսկի (Արսեն Բեգլարյան, 7), Հրայր Մկոյան (Հովհաննես Համբարձումյան, 79), Վարազդատ Հարոյան, Գաել Անդոնյան, Լեւոն Հայրապետյան, Գոռ Մալաքյան, Դավիթ Մանոյան, Արաս Օզբիլիս (Արթուր Սարկիսով, 63), Մարկոս Պիզելի (Գեղամ Կադիմյան, 68), Հենրիխ Մխիթարյան, Էդգար Մանուչարյան (Տիգրան Բարսեղյան, 80):


Դավիթ Եղիազարյան

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։