Ներկայացվեց Հայաստանի աերոբիկայի եւ ֆիթնեսի ազգային ասոցիացիան (ֆոտո)

13:12   17 մարտի, 2016

Հայաստանում գործող ֆիթնեսի եւ աերոբիկայի ակումբներն այսօրվանից կհամախմբվեն մեկ կազմակերպության՝ Հայաստանի աերոբիկայի եւ ֆիթնեսի ազգային ասոցիացիայի ներքո: Այս մասին Հայաստանի ֆիթնեսի եւ աերոբիկայի ասոցիացիայի շնորհանդեսի ժամանակ ասաց կազմակերպության նախագահ Մարիամ Վարդանյանը:

«Հայաստանի աերոբիկայի եւ ֆիթնեսի ազգային ասոցիացիան սկսում է իր աշխատանքը՝ նպատակ ունենալով պրոպագանդել առողջ ապրելակերպը: Հայաստանի աերոբիկայի եւ ֆիթնեսի ազգային ասոցիացիան մի համակարգ է, որը կոչված է միավորելու ֆիթնես պրոֆեսիոնալներին, ապահովելու նրանց լիարժեք գիտելիքներով եւ հմտություններով` երաշխավորելով մեր քաղաքացիներին լավագույն ֆիթնես ծայությունների մատուցում: Ֆիթնեսի եւ աերոբիկայի նկատմամբ հանրության հետաքրքրությունը հիմք հանդիսացավ՝ ստեղծելու ֆիթնեսի եւ խմբակային մարզումների, մարզիչների մի ասոցիացիա, որը կարող է փոխանցել բոլոր գիտելիքները եւ նորարարությունները այս բնագավառում, օգնել մարդկանց եւ իրենց ավանդն ունենալ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացմանը մեր երկրում:

Ձեւավորել ենք ուսումնամեթոդական բազա, որն անընդհատ թարմանում եւ արդիականանում է: Մշակված է մասնագետների պատրաստման եւ վերապատրաստման համակարգ: Մեզ հետ են համախմբված ֆիթնեսի իսկական պրոֆեսիոնալներ, որոնք իրենց տեղական եւ միջազգային փորձով, էներգիայով պատրաստ են կիսվել նրանց հետ, ովքեր որոշել են ձեռք բերել նոր մասնագիտություն, որը կապված է ֆիթնեսի հետ:

Սերտ կապերի մեջ ենք միջազգային ֆիթնես շարժման հետ եւ հետեւում ենք լավագույն միջազգային նորարարություններին: Ասոցիացիայի նպատակն է աերոբիկայի, խմբակային դասերի եւ ֆիթնեսի զարգացում Հայաստանում, առողջարարական, մասսայական, խմբակային ֆիթնես մարզումների զարգացում, առողջ ապրելակերպի պրոպագանդում, մասսայական, առողջարարական ծրագրերի կազմակերպում, մասնագետների պատրաստում, վերապատրաստում, միջազգային սերտիֆիկացումների, մաստեր-կլասերի, սեմինարների, դասընթացների կազմակերպում

Հայաստանում եւ արտերկրում, կրթական ծրագրերի եւ մասնագիտական գրականության հրատարակչություն, CD/DVD-ների թողարկում: Մենք փորձելու ենք վերահսկել այս ոլորտում գործող մարզիչների գործունեությունը: Հայաստանում օր օրի աճող ֆիթնեսի եւ աերոբիկայի ակումբներում պետք է աշխատեն կրթված մարզիչներ: Օգնելու ենք մարզիչներին վերապատրաստվել, սեմինարների մասնակցել եւ որակավորում ստանալ նախքան ակումբերում մարզիչ աշխատելը:

Ասոցիացիայի գործունեությանը աջակցում է Հայաստանի սպորտի նախարարությունը: Նպատակ ունենք «մուտք գործել» նաեւ պետական եւ ոչ պետական մանկապարտեզներ, միջնակարգ դպրոցներ՝ 2-ից 8 տարեկան երեխաների նախավարժանքներ, մարզումներ իրականացնող դաստիարակներին եւ ուսուցիչներին վերապատրաստելու, մասնագիտական հմտություններին սովորեցնելու համար: Նրանց կհրավիրենք սեմինարների՝ այդ տարիքի երեխաների հետ 10 րոպեանոց վարժություններին, մարզելու ձեւերը յուրացնելու նպատակով: Ասոցիացիան ունի լոգոն եւ արդեն գործում է նաեւ կայքը՝ armfitness.am»,- ներկայացրեց ասոցիացիայի նախագահ Մարիամ Վարդանյանը:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Էմմա Ասատրյանի



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.