Գեւորգ Ալեքսանյան. Մեծ խնդիր չեմ տեսնում ԵԱ-ում Արթուր Ալեքսանյանի պարտվելու մեջ

09:47   15 մարտի, 2016

Պետք չէ այս պարտությունը սարքել «տրագեդիա». սա ոչ վերջն է, ոչ որեւէ բանով ազդելու է Արթուրի վրա: Պետք չէ շատ ցավագին ընդունել այս պարտությունը. սա սպորտային նորմալ գործընթաց է, որ լինում է յուրաքանչյուրի հետ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց աշխարհի կրկնակի չեմպիոն, 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, Ռիգայում անցկացված Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ նվաճած Արթուր Ալեքսանյանի հայրն ու անձնական մարզիչը՝ Գեւորգ Ալեքսանյանը:

Պարոն Ալեքսանյան, ինչպե՞ս կգնահատեք Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը:

Ես այս մրցումներին նայում եմ որպես Ռիոյի Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու փուլ: Աշխարհի առաջնությունից հետո Արթուր Ալեքսանյանը նման լուրջ մրցման չէր մասնակցել: Նրան պետք էր նման մի լուրջ մրցում, որպեսզի Օլիմպիական խաղերից առաջ նա եւս մեկ անգամ հնարավորություն ունենար զգալ իր կարեւոր հակառակորդներին:

Ես շատ ուրախ եմ, որ բոլոր լուրջ, ուժեղ ըմբիշները մասնակցում էին Եվրոպայի առաջնությանը: Շատերը մտածում էին, որ Եվրոպայի առաջնությանը լուրջ ըմբիշները չեն մասնակցի, քանի որ մեծամասնությունն արդեն ունեն օլիմպիական ուղեգրեր եւ նրանց այս Եվրոպայի առաջնությունն այլեւս պետք չէր: Արթուր Ալեքսանյանի քաշային կարգում՝ 98 կգ-ի բոլոր ուժեղագույն ըմբիշերը մասնակցեցին այս առաջնությանը: Այնպես, որ մյուսների համար եւս Եվրոպայի առաջնությունը Օլիմպիական խաղերից առաջ նախապատրաստական փուլ էր:

Այս մրցաշարը մեզ հնարավորություն տվեց հասկանալու՝ այժմ ինչ մարզավիճակ ունենք, ինչ աշխատանք ունենք կատարելու, ինչի վրա ենք աշխատելու, ինչ ենք անելու:

Իսկ Ձեզ գոհացրե՞ց Արթուրի գոտեմարտելու ոճը:

Ընդհանուր առմամբ, գոհ եմ Արթուրի մրցելույթից, մասնակցությունից, միայն մի քիչ դժգոհ եմ մրցավարությունից: Մրցավարական գործոնը կա, միշտ եղել է: Պետք է Արթուրի գոտեմարտելու ոճն այնպես դնենք, որ մրցավարական գործոնը չաշխատի:

Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնությունում իր լիարժեք մարզավիճակը չուներ, գագաթնեկում չէր եւ պետք էլ չէր, որ լիարժեք մարզավիճակում լիներ: Մեզ այսքանն էր պետք Օլիմպիական խաղերից առաջ: Որքան անհրաժեշտ էր Եվրոպայի առաջնության համար, այդքան կար: Բայց չեմ ժխտի, որ Արթուրը բացթողում արեց: Պարտեր դրությունում շարժվելու պահն է, որ ուշացավ: Նա էլ հասկացավ, որ ուշ շարժվեց: Բայց բոլորն էլ տեսել են, որ ամբողջ 6 րոպեների ընթացքում էլ Արթուրն ակտիվ էր, իր ոճը տանում էր առաջ, մրցակիցը գոտեմարտի ընթացքում մտածում էր միայն միավոր չտալու մասին: Այսինքն, ռուս ըմբիշն աշխատում էր ոչ մի դեպքում միավոր չտար, պարտեր չնստեր:

Դուք որպես հայր ավելի լավ կզգաք Արթուր Ալեքսանյանի ապրումները: Այս պարտությունը կկոտրի՞ աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի եռակի չեմպիոնին:

Ցանկանում եմ մեր ժողովրդին, մարզասերներին ասել, որ Արթուր Ալեքսանյանի այս պարտությունը «տրագեդիա» չէ: Մարզիկը չի կարող 4, 5, 10 տարի անդադար վերելքի վրա լինել: Գալիս է մի պահ, որ չի ստացվում՝ նյարդեր կան, իրադարձություններ կան, կողքից ազդող գործոններ կան, լարվածություններ. ամեն ինչն ազդում է մարզիկի վրա: Մարզիկի հաջողության գրավականը մրցումների ժամանակ նյարդային համակարգը հանգիստ լինել է, լարվածություն չունենալը: Այստեղ՝ Եվրոպայի առաջնությունում ես Արթուրի մոտ զգացի փոքր-ինչ լարվածություններ, որոնք պետք է կարողանանք հանել մինչ Օլիմպիական խաղերը:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարն՝ Էմմա Ասատրյանի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։