Վարշամ Բորանյանի անձնական մարզիչ. Ասացի՝ քիթդ ջարդես, գլուխդ ջարդես, լրիվ ոսկե մեդալի արժանի տղա ես, գնա կռվի

17:10   14 մարտի, 2016

Եզրափակիչի հենց սկզբում քիթը ջարդեց: Ասացի՝ ոչինչ, քիթդ ջարդես, գլուխդ ջարդես, լրիվ ոսկե մեդալի արժանի տղա ես, գնա կռվի: Ու համոզված էի, որ կհաղթեր: 20 կգ տարիքից ես եմ նրան մարզել եւ այս մեդալն ինձ համար շատ թանկ է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եվրոպայի չեմպիոն, 28-ամյա Վարշամ Բորանյանի անձնական մարզիչ Արամ Գասպարյանը:

«Վարշամ Բորանյանի հաջողությանը սպասել էի տարիներով: Նա միշտ շատ մոտ էր այս հաջողությանը, բայց չէր ստացվում: Տաշքենդի աշխարհի առաջնությունում մինչեւ եզրափակիչ դուրս գալը վտանգավոր վնասվածք ստացավ՝ ոտքի մկանը կտրվեց: Մինչ այդ շատ ուժեղ ըմբիշների է հաղթել՝ Եվրոպայի, աշխարհի, Օլիմպիական խաղերի մրցանակակիրների: Բայց այս հաջողությունը նրան չէր գալիս: Վարշամ Բորանյանը պատահական տղա չէ. ես սպասում էի նրանից այս հաջողությունը: Սա տարիների չարչարանքի, նվիրվածության ու հավատի արդյունքն էր: Մարտի 4-ին լրացավ Վարշամի 28-ամյակը: Ասացի՝ նվեր արեցիր բոլորիս՝ հարազատներիդ, մեր ազգին:

Սկզբում Վարշամ Բորանյանն ու Արսեն Ջուլֆալակյանը նույն քաշային կարգում էին: Տարիների ընթացքում ըմբիշներն աճեցին, Արսեն Ջուլֆալակյանի հաջողություններն արդեն պահանջում էին օլիմպիական քաշ տեղափոխվել: Բորանյանն էլ աճեց եւ այս մեդալը պատահականություն չէր: Ես վստահ էի, որ նա կհաղթեր, շատ մոտ էր եւ ինձ համար անսպասելի չէր»,- ասաց Արամ Գասպարյանը: 

Հիշեցնենք, որ 71 կգ քաշային կարգի եզրափակիչում Վարշամ Բորանյանը 3:0 հաշվով պարտության էր մատնել սերբ Ալեքսանդար Մաքսիմովիչին:

Վարշամ Բորանյանն առաջին գոտեմարտում 8:0 հաշվով հաղթել էր ռումինացի Տոմի Կլաուդիո Հինովեանուին: 1/8 եզրափակիչում Բորանյանը նույն հաշվով շանս չտվեց պորտուգալացի Հուգո Միգել Դա Սիլվա Պասոսին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 8:2 հաշվով հաղթեց բուլղարացի Սվիլեն Պլամենով Կոստադինովին: Կիսաեզրափակիչում Բորանյանը դուրս թողեց հունգարացի Բալինտ Կորպասին:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ ՀԱՕԿ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։