Արթուր Դավթյանը՝ Հայաստանի չեմպիոն. Գլխավոր մարզիչի ամփոփումը (ֆոտոշարք)

16:08   9 մարտի, 2016

Երեւանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցում մեկնարկել է սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: Առաջին օրը տեղի ունեցավ բազմամարտի մրցաշարը:

Բազմամարտի Հայաստանի չեմպիոն դարձավ Արթուր Դավթյանը, երկրորդ տեղում Արմեն Պետրոսյանն է, երրորդը՝ Վիգեն Խաչատրյանը։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ եւ առաջնության գլխավոր մրցավար Հակոբ Սերոբյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ամփոփեց բազմամարտի մրցումները։

«Հայաստանի առաջնությանը մասնակցում են 50 մարմնամարզիկներ՝ 32 տղա եւ 18 աղջիկ։  Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականների կազմն ամբողջությամբ մասնակցում է: Հայաստանի առաջնության մրցումային օրը մարմնամարզիկները պայքարեցին բազմամարտի մրցաշարում։ Լավագույն արդյունքը գրանցեց Արթուր Դավթյանը․ հավաքեց 87,3 միավոր, երկրորդ տեղում 80,85 միավորով Արմեն Պետրոսյանն է, եռյակը եզրափակում է  Վիգեն Խաչատրյանը՝80,5 միավորով:

Այն, ինչ այսօր ցույց տվեցին մարմնամարզիկները, ինձ դուր եկավ, լավ մասնակցեցին, անում են այն, ինչ նրանց առջեւ խնդիր էի դրել։ Հարություն Մերդինյանն ինձ գոհացրեց այսօր, չնայած նա իր մարզավիճակի գագաթնակետում չէր։ Եվ մեզ հարկավոր էլ չէր, որ նա լիներ լավագույն մարզավիճակում, բայց բարդ վարժությունը կարողացավ լավ եւ ճիշտ կատարել։

Մշտապես մրցումների, Հայաստանի առաջնությունների ժամանակ խիստ եմ լինում։ Դա անում եմ մարզիկների համար, որ հզորանան եւ լավագույնս ներկայանան։ Օրինակ՝ Արթուր Դավթյանը ազատ վարժությունը պետք է շատ լավ աներ, բայց չստացվեց՝  զայրացա։ Հենացատկի վարժությունը հրաշալի կատարեց զայրանալուցս հետո։ Ահա, թե ինչու եմ խիստ, պահանջկոտ։ Միշտ պետք է։ Ես գիտեմ նրանց հնարավորությունները։

Մյուսների մասնակցությունը ինձ եւս գոհացրեց։ Առջեւում դեռես երկու մրցումային օր ունենք՝ մարտի 10-ին մեկնարկի դուրս կգան աղջիկները՝ Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում, իսկ 11-ին առանձին գործիքներում Հայաստանի չեմպիոնության համար պայքարն է»,- ասաց Հակոբ Սերբոյանը։

Հարցին, ՀՀ առաջնությունից հետո մեծահասակների կազմի համալրում սպասվում է, թե ոչ, հավաքականի գլխավոր մարզիչը պատասխանեց․

«Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի մեծահասակների կազմը թե իմ եւ թե մյուս մրցավարների կարծիքով՝ մի խմբով են գնում, պայքարը շատ ուժեղ է, բոլորն էլ ուժեղ են։ Հայաստանի առաջնությանը թույլ ենք տվել մասնակել նաեւ կրտսեր մարմնամարզիկների, որոնք ընդգրկված են երիտասարդների կազմում։ Հետագայում նրանցից ուժեղագույները կհամալրեն մեծահասակների հավաքականը։

Լավ հերթափոխ ունենք, ինձ շատ են ուրախացնում մեր պատանիները, երիտասարդների մեջ էլ կան ուժեղները։ Եվ բնական է, որ համալրում մեծերի հավաքականում կլինի, բայց ոչ այս պահին։ Ես գտնում եմ, որ մարմնամարզիկին միայն հասունացման տարիքից հետո կարելի է ասել՝ կդառնա պրոֆեսիոնալ, թե ոչ։

Այժմ մեծահասկները ութն են եւ հենց այս ութից էլ Հայաստանի առաջնությունից հետո ընտրելու ենք Եվրոպայի թիմային առաջնության մասնակիցներին։ Բազմամարտի երրորդ արդյունք ցույց տվողը սակայն չի մասնակցի։ Այս պարագայում Վիգեն Խաչատրյանը հնարավորություն չի ունենա ընդգրկվել Եվրոպայի առաջնության մասնակիցների կազմ։

Այս պահին արդեն ինձ համար պարզ է Եվրոպայի թիմային առաջնության մասնակիցների կազմը՝ Հարություն Մերդինյան, Վահագն Դավթյան, Արթուր Թովմասյան, բազմամարտի Հայաստանի փոխչեմպիոն Արմեն Պետրոսյանը։

Սա մեր որոշումն է, որ բազմամարտի Հայաստանի չեմպիոնն ու փոխչեմպիոնը եւ մեր առանձին գործիքների առաջատարները մեկնեն Եվրոպայի առաջնության, քանի որ մենք իրականում գնում ենք Եվրոպայի առաջնության մեդալների հետեւից եւ ուժեղ կազմով պետք է հանդես գանք»։

Մարտի 10-ին Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում սպորտային մարմնամարզության Հայաստանի չեմպիոնության համար կպայքարեն աղջիկները․ գլխավոր մրցավարը կլինի կրկին Հակոբ Սերբյանը։ Անդրադառնալով սպորտային մարմնամարզությունում աղջիկների մակարդակի եւ միջազգային մրցումներին չմասնակցելու, ՀՀ առաջնության գլխավոր մրցավարի խոսքով, ֆինանսների պատճառով մարմնամարզուհիները զրկվում են իրենց ուժերը միջազգային մրցաշարերում փորձելուց։

«Մեր մարմնամարզուհիները զրկված են միջազգային մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից։ Տղաների համեմատ, աղջիկների մակարդակն ավելի ցածր է, բացի այդ չունենք աղջիկների մրցավար։ Եթե մեկնենք մրցումների առանց մրցավարի, միայն դրա համար պետք է տուգանք վճարենք։ Բացի այդ ամեն ինչ պայմանավորված է ֆինանսներով։ Եթե ֆինանսներ լինեին, գոնե փորձի համար մեր աղջիկները կմեկնեին մրցումների, թեկուզ 50-րդ տեղը զբաղեցնեին։ Երբ մեր ֆինանսները կավելանա, մենք ոչ միայն աղջիկներին, այլեւ երիտասարդներին կուղարկենք միջազգային մրցումների, իսկ հետագայում արդեն աճն էլ կլինի, մակարդակը եւս կբարձրանա»,-  մեկնաբանեց Հակո Սերոբյանը։

Հայաստանի առաջնությունից հետո հայ մարմնամարզիկները կնախապատրաստվեն աշխարհի գավաթի խաղարկությանը, որը կայանալու է մարտի 25-27-ը Դոհայում: Ապրիլի 16-19-ը Արթուր Դավթյանն ու Հուռի Գեբեշյանը կմասնակցեն Ռիոյում կայանալիք Ռիո-2016-ի ուղեգիր խաղարկող թեստ-իվենթին: Դրանից մեկ ամիս անց հավաքականը կմասնակցի Եվրոպայի թիմային առաջնությանը։

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Էմմա Ասատրյանի



© 2022 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։